Պարտադիր աուդիտ անցնելու ենթակա 941 խոշոր ընկերություններից 299-ը դեռեւս աուդիտ չեն անցել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ հրապարակելով աուդիտի վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը (օգոստոսի 23-ի դրությամբ):

Մասնավորապես աուդիտ չեն ցանկանում անցնել «Մուլտի Լեոն» եւ Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունները: Աուդիտ չանցած խոշոր ընկերություններից է նաեւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը:

Աուդիտ չեն անցել նաեւ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես «Մանանա գրեյնը» (ցորենի ներկրում), «Արմեիա վայն» (գինու արտադրություն), «Սպայկա» (գյուղմթերքի արտահանում), «Միկա ցեմենտ», «Վալենսիա» («Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն), «Ցեպելին Արմենիա» (հանքարդյունաբերական տեխնիկայի մատակարար) եւ այլն:

Հիշեցնենք, որ 1 մլրդ դրամից ավելի հասույթ կամ ակտիվ ունեցողները պարտադիր աւոդիտի եզրակացություն պետք է ներկայացնեին մինչեւ հուլիս 1-ը: Աուդիտ չանցած ընկերությունները զրկվում են պետական գնումների մրցույթին մասնակցելուց: