«ԱրմենՏել» ընկերությունը անդրադարձել է Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպին:
«ԱրմենՏել»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երեւանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների եւ հաճախորդների հանդեպ:
Իրավիճակը մեղմելու եւ հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:
Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ եւ չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչեւ ձեռքի կոտրվածք, որից հետո նաեւ տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաեւ կարգազանցները:
Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով եւ ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության»:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօրվա իր համարում գրել էր, որ իր տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում։ «Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ։ Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ «Բիլայն»–ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն։ Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–գրել է թերթը:




























