Մալդիվներում ոստիկանությունը դադարեցրել է նախագահական ընտրությունների ընթացքը։ ՆԳՆ-ի աշխատակիցները շրջապատել են ԿԸՀ-ի քարտուղարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԸՀ անդամ Ֆուվուդ Թուֆիկը։ Քվեարկությունը նշանակված էր հոկտեմբերի 18-ին, հայտնում է BFM.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

ԿԸՀ-ն հիասթափված է ոստիկանության գործողություններից, որը գերազանցել է իր լիազորությունները, հայտարարել է Թուֆիկը։ Նա կասկածում է, թե  կհաջողվի մինչեւ ընթացիկ նախագահական ժամկետի ավարտը (2013թ. նոյեմբերի 11-ին)  ընտրություններ անցկացնել։ ԿԸՀ անդամ Ալի Մուհամեդ Մանիկը լրագրողներին ասել է. «Սա սեւ օր էր ժողովրդավարության համար»։

Նաշիդը նախագահական ընտրությունների երկրորդ   փուլում հաղթելու բոլոր շանսերն ուներ՝ առաջին փուլում  տարած հաղթանակից հետո։ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել երկրորդ փուլի անցկացումը՝ որպես պատճառ նշելով  առաջին փուլում օրենքի խախտոււմները։ Միաժամանակ միջազգային դիտորդները հայտարարել էին, որ ընտրությունները ազատ ու արդար էին։ Ավելի ուշ դատարանը նոր ընտրություններ էր նշանակել։

Մալդիվներում 2012թ. փետրվարից խառը իրադրություն է։ Այն ժամանակ նախագահ Մուհամեդ Նաշիդը, որը 2008թ. հաղթել էր երկրի պատմության առաջին ազատ ընտրություններում, պաշտոնանկ էր արվել քաղաքական ճգնաժամի եւ բողոքի ակցիաների պայմաններում։ Որոշ լրատվամիջոցներ Նաշիդի պաշտոնանկությունը պետական հեղաշրջում էին անվանել։ 2013թ. մարտին ոստիկանությունը կալանավորել էր Նաշիդին։