Վրացի ֆիտոսանիտարները հայկական կարտոֆիլը սխալմամբ են անորակ հայտարարել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը՝ մեկնաբանելով հայական կարտոֆիլը Վրաստան ներմուծելու վերջին արգելքը:
Նրա խոսքով՝ Ծառայության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան ու հանդիպել վրացական կողմի ներկայացուցիչների հետ: «Պարզվել է, որ տեսուչները, որոնք ֆիտոսանիտարական վերահսկողություն են իրականացրել, աշխատում են պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում»,-հայտաարել է Նիկոյանը:
Ըստ համաձայնագրի, հայ տեսուչները հնարավորություն կունենան կրկնակի փորձաքննություն անցկացնել, եթե տարակարծություն առաջանա: Փորձանմուշները համատեղ են վերցվելու:
Նրա խոսքով՝ Հայաստան վերադարձված կարտոֆիլը կիրացվի երկրի ներսում: Հայաստանից Վրաստան արտահանումը ամեն օր շարունակվում է, այս տարի արտահանման ծավալները եռապատկվել են:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանից Վրաստան արտահանվող կես տոննա կարտոֆիլի խմբաքանակը չի անցել որակի վերահսկման շեմը: Այդ առնչությամբ հայ փորձագետները հանդիպել են վրացական կողմի ներկայացուցիչների հետ:




























