Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այսօր՝ նոյեմբերի 11-ին, կայցելեն «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նա նշեց, որ ակտիվիստները նամակով դիմել են ՄԻՊ գրասենյակին՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի խնդրով, բայց դեռեւս փաստաբանից դիմում չեն ստացել:
Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ քանի որ կա հարուցված քրեական գործ, ընթանում է նախաքննությունը, պաշտպանը ոչինչ չի կարող անել, բայց իրենք կհետեւեն դեպքերի ընթացքին եւ այն հանգամանքին, որ Վարդան Պետրոսյանի իրավունքները չխախտվեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:




























