Պաղեստինյան աղբյուրների տվյալով՝ դեկտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսին իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում 12 թիրախների են հարվածել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածները հասցրել են սահմանին պաղեստինցի դիպուկահարի գնդակից իսրայելցի շինարարի զոհվելուց մի քանի Ժամ անց։

Իսրայելի պետական «Ռեշեթ Բեթ» ռադիոն հայտնել է, որ հարձակման թիրախներից մեկը ՀԱՄԱՍ-ի ռազմաբազան էր՝ Խան Յունիսի մոտ, որտեղ այս շաբաթ ՀԱՄԱՍ-ի  հրթիռային ստորաբաժանումների եւ գրոհայինների զորավարժություններ էին անցկացվել։ Եվս մեկ թիրախ գտնվել է Էլ Բուրեյջի փախստականների ճամբարում, որը տեղակայված է Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Բացի այդ, տանկային հրաձգության է ենթարկվել հարավում գտնվող զենքի արտադրամասը։

Maan գործակալությունը հայտնում է, որ օդային հարձակումների հետեւանքով զոհվել է Գազայի հատվածի երկու բնակիչ, այդ թվում՝ Դեյր էլ Բալահ փախստականների ճամբարում սպանվել էր չորս տարեկան աղջնակ: 

Պաղեստինի աղբյուրները նաեւ հայտնել են, որ պաղեստինցի դիպուկահարի կողմից իսրայելցու սպանությունից անմիջապես հետո, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, վախենալով Իսրայելի պատասխանից,  հրամայել էր տարհանել  գրոհայիններին բոլոր ռազմական օբյեկտներից:

Գազայի սահմանին պաղեստինցի դիպուկահարի կողմից ծանր վիրավորված իսրայելցին վախճանվել էր հիվանդանոցում: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ նա վիրավորվել էր, երբ նորոգում էր վերջերս վրա հասած փոթորկից վնասված սահմանային պատնեշը: Նրան հասցրել էին հիվանդանոց տեղափոխել ուղղաթիռով, սակայն փրկել չէր հաջողվել:

Ավելի վաղ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կատարվածն անհետեւանք  չի թողնի, եւ ՑԱԽԱԼ-ում  խոստացել էին պաղեստինցիներին խիստ պատասխան տալ: Խմբավորումներից  ոչ մեկը   չի ստանձնել այդ ահաբեկչության պատասխանատվությունը: