Թե կառավարության, թե նախարարությունների, թե քննչական կոմիտեի աշխատանքը երբեք չի լինելու անթերի, դա բացառված բան է. Խնդիրը անթերիության մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, թե մենք ինչքանով ենք միտված արդարությանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում նշեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք իսկապես պետք է փոխենք այն ընկալումը, որը մեր իրականության մեջ կա, նույնիսկ 2018–ից հետո այդ ընկալման մեջ շատ բան չի փոխվել, երբ սոցիալական հենարանի ամրությունը ուղիղ համեմատական է նրա հետ, թե մարդը ինչպիսի հասանելիություն ունի արդարադատությանը և արդարությանը։ Մենք որպես պետություն պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից։ Իսկ այսպիսի բան իսկապես կա։ Այո, մարդկանց մեջ մենք տարբերություն չենք կարող դնել, բայց վախենամ, երբեմն մենք առերեսվում ենք իրավիճակի, որ մարդիկ, որոնք ունեն մեծ ֆինանսական միջոցներ և կարող են ներգրավվել մեծ պաշտպանական թիմեր, և կան մարդիկ, որոնք այս հնարավորությունը չունեն, և նրանք պետք է զգան պետության պաշտպանությունը, նրանք չպետք է իրենք իրենց զրկված համարեն արդարությունից և արդարադատությունից։ Քննչական կոմիտեի առաջ այս առումով պատասխանատվությունը մեծ է և գնալով մեծանալու է»։» Փաշինյանը նկատեց, որ երբ 20-25 տարի առաջ տեղի ունեցած դեպքը բացահայտվում է, դրանով հանրության մոտ ակնկալիքներ են առաջացնում, որովհետև մյուսներն էլ, ովքեր նման դեպքեր ունեն, ուզենալու են, որ իրենց դեպքերն էլ բացահայտվեն, որոնք իրենց կարծիքով անարդար ձևով չեն բացահայտվել։

Վարչապետը խոսեց նաև ՔԿ աշխատակիցների սոցիալական երաշխիքներից. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի քննիչները, քննչական կոմիտեի աշխատողները սոցիալական երաշխիքների հնարավորինս հուսալի համակարգ ունենան։ Եվ իհարկե, մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ շատ փոխկապակցված են իրար հետ այս երկու գործընթացները, որովհետև մեծ հաշվով Քննչական կոմիտեի աշխատանքից է կախված նաև, թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության և պետական բյուջեի հնարավորությունները, որովհետև ոչ միայն կոնկրետ քրեական գործերով վնասի վերականգնման ուղղությունը ես նկատի ունեմ, այլև տնտեսական գործունեության համար շատ կարևոր է, որ պոտենցիալ ներդրողները իմանան, որ իրենք խնդիր լինելու դեպքում կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել, կկարողանան հավասար մրցակցության պայմաններում աշխատել իրենց մյուս մրցակիցների հետ»,– ընդգծեց նա։