Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը շարունակում է հանգստանալ եւ կարոտն առնել: NEWS.am-ի թղթակիցը փոքր զրույց է ունեցել նրա հետ:

Ինչպե՞ս եք, պարոն Թամամյան, ընտանիքից կարոտն առա՞ք:

Լավ եմ, շնորհակալ եմ, ընտանիքից կարոտն առնում եմ:

Ինչո՞վ եք զբաղվելու:

Առայժմ ընտանիքիս հետ եմ, աշխատանքի մասին չեմ էլ մտածում:

Իսկ առաջարկներ կա՞ն:

Ոչ մեկի հետ կապի մեջ չեմ, իմ ընտանիքով եմ զբաղվում: Երբ սկսեմ մի բան մտածել, կտեղեկացնեմ, որովհետեւ ամեն մի շարժը ժողովրդի համար հետաքրքիր է:

Բայց ցանկություն կա՞ վերադառնալու աշխատանքի:

Պատկերացրեք՝ չեմ էլ մտածում աշխատանքի մասին:

Լավ, հանգստից ե՞րբ եք հոգնելու:

Երեւի մարտի վերջ, ինչպես նոր նշանակած պաշտոնյային ասում են՝ հարյուր օր, հիմա թող իմ 100 օրն էլ լրանա, հետո կմտածեմ: 39 տարի ես աշխատել եմ, դեռ ազատ արձակման 100 օրս չի էլ լրացել:

Հնարավո՞ր է վերադառնաք ոստիկանական համակարգ, եթե առաջարկ լինի:

Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ ընդհանրապես այդ մասին չեմ մտածում:

Հասցրե՞լ եք հետեւել համակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

Ոչ, զբաղվում եմ իմ ընտանիքով, այսօր ինձ բացարձակ ոչինչ չի հետաքրքրում:

Նախկին կոլեգաներից ո՞ւմ հետ եք կապի մեջ:

Բոլորի հետ, հարգանք ունեմ, համակարգը ինձ ընդունում է, ես՝ համակարգին: Ես դատավարության ընթացքում ասել եմ՝ իմ համակարգի, իմ պետության նվիրյալն եմ:

ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի հետ գնացել էիք, որովհետեւ հրավիրե՞լ էին:

Կարծում եմ՝ իմ էն տարիքը չի, որ առանց հրավիրատոմսի ես մի տեղ գնամ:

Գո՞հ եք համագումարից: Հիասթափություն չկա, որ ազատամարտին չմասնակցած, բանակում չծառայածները դարձան ԵԿՄ վարչության անդամ:

Սովորական  համագումար էր, դե դուք էլ գիտեք՝ ոնց անցավ: Մնացած հարցերը տվեք իրենց;

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ շփում կա՞:

Դեռեւս ոչ:

Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, ազատվելու հետո հանդիպե՞լ եք:

Նորմալ, մարդ չեմ տեսել:

Ազատազրկման տարիները դժվա՞ր անցան:

Ուժեղ մարդու համար դժվար բան չկա, թող ամաչեն ամաչողները:

Դուք ամաչելու բան չունե՞ք:

Բացարձակ:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ձեզ ազատել են Նորիկ Թեւանյանի խնդրանքով:

Նա թող մտածի իր ընտանիքի մասին, ոչ թե ուրիշին ազատելու կամ նշանակելու մասին մտածի: Նա շատ փոքր մարդ է ինձ համար: Երբ ես պաշտոնատար անձ եմ եղել, էսօր ովքեր եկել, մտել են էդ ամպլուայի մեջ, նրանք եղել են ոչնչություններ:

Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք:

Ես չգիտեմ՝  ինձ ով է նշանակում կամ ազատում:

Իսկ ինչպե՞ս եղավ, որ այս անգամ ձեր՝  վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրագիրը ընդունվեց:

Ես չգիտեմ, բացի իմ ընտանիքից եւ մի քանի ընկերոջից՝ ոչ մեկի հետ կապի մեջ չեմ, ընդամենը գնում եմ Ծաղկաձոր՝ սար ու գալիս:

Ո՞ւմ եք շնորհակալ ազատ արձակման համար:

Միայն ինձ:

Ձեր հետ կապված նյութական վնասի փոխհատուցման խնդիր կա՞ր:

Ես վնաս չէի հասցրել, իմ հետ կապված խնդիրները ֆինանսական չեն եղել, իսկ ֆինանսական մեղադրանքները, որ հնչել են իմ հասցեին, բոլորը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով 11 ամիս քննությունից հետո:

Իսկ Ձեզ առաջադրված մեղադրանքի մասին ի՞նչ կասեք:

Այդ մասին ավելի ուշ խոսենք, միանգամից ուզում ես բոլոր հարցերի պատասխանները ստանալ, թողենք կամաց-կամաց:

Հիշեցնենք, որ  Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվել 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 2011-ի սկզբին 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Համաներման արդյունքում Հովհաննես Թամամյանի պատժաչափը կրճատվել էր 4 ամսով: Նա վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել, իսկ պատժաչափի լրանալուն մնացել էր 10 ամիս:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը