Ես Տարոն Մարգարյանի պատերազմին մասնակցության մասին տեղեկություն չունեմ, ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը («Պալկովնիկը»):
Նա հերքեց իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե Տարոն Մարգարյանը «այն ժամանակ տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, բայց մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում»: «Ես 1991թ երբ եկա Հայաստան, այստեղից Վազգեն Սարգսյանը ինձ ուղարկել է Հադրութի շրջան ու այնտեղ եմ եղել մինչեւ 5-րդ բրիգադի մեջ մտնելը, ես ոչ Տարոն եմ ճանաչում, ոչ էլ կարող էի նման բան ասել: Ես տենց բան ո՞նց կարող եմ ասել, որ այդ ժամանակ չգիտեի՝ Տարոն կա, թե չկա: Ես Տարոնի մասնակցության մասին տեղեկություն չունեմ, ոչինչ չեմ կարող ասել: Իր պապային՝ Անդրանիկ Մարգարյանին ճանաչել եմ, լսել եմ, որ զենքեր է առել, ուղարկել է, բայց մասնակից չեմ եղել, չեմ էլ տեսել: Ես Սուրենի՝ «Լիսկայի» մասին եմ ասել, որ կռվել է, Ալեքսանյան Սամվելի մասին եմ ասել, որ թիկունքի աշխատող է եղել, առաջին գիծ զենք է մատակարարել, բայց Տարոնի մասին էդպիսի բան չեմ ասել»,- ասաց Ֆրունզե Ավագյանը:
Հարցին, թե եթե Երեւանի քաղաքապետը բանակում չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել, ինչու են երկրապահ դարձրել եւ ընտրել ԵԿՄ վարչության անդամ, «Պալկովնիկը» հորդորեց վերցնել իրենց կանոնագիրքը եւ կարդալ, որտեղ նշված է, որ հայ կամ ռուս, բացի թուրքերից, կարող են դառնալ երկրապահի անդամ, եթե ընդունում են գաղափարախոսությունը: «Այդ մարդը ցանկություն է հայտնել, իրավունք ունի, հայ մարդ է, ընդունվել է ԵԿՄ անդամ, յուրաքանչյուր հայ մարդ կարող է ընդունվել, եթե սատարում է, առնչություն ունի ԵԿՄ-ի հետ: Դուք էլ կարող եք դառնալ երկրապահ, ուզո՞ւմ եք ես միջնորդեմ ձեզ համար: Պարտադիր չէ, որ ազատամարտի մասնակից լինի, որ ԵԿՄ անդամ դառնա: Դուք գիտեք չէ՞, որ դուք էլ եք երկրապահ, միության անդամ չեք, բայց երկրապահ եք՝ երկիրը պահող: ԵԿՄ վարչության անդամ է ընտրում ամբողջ համագումարը, հիմա Տարոնը լավ տղա է, ընդունել են վարչության անդամ, բոլորն էլ համաձայն են եղել, դա նշանակովի չէ, ընտրովի է: Այդ մարդը իր գործունեությամբ սատարում է ազամարտիկներին, հաշմանդամներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, օգնություն է ցույց տալիս, գնում է, օգնում է, սատարում է իր հնարավորությունների չափով»,- ասաց Ֆրունզե Ավագյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ անցած շաբաթ 5-րդ բրիգադի սպառազինության գծով հրամանատարի օգնական Ֆրունզե Ավագյանը՝ «Պալկովնիկը», հայտարարել էր, թե 1990–1991 թվականներից Տարոն Մարգարյանը մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմին եւ զենք է մատակարարել առաջին գիծ. «Տարոն Մարգարյանը շատ երիտասարդ եղած ժամանակ աջակցել է ու օգնություն է ցույց տվել։ Այն ժամանակ տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, բայց մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում», Aravot.am-ին ասել էր նա։ Այդ ժամանակ, սակայն, Տարոն Մարգարյանը 12-13 տարեկան է եղել։ Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք հերոսական անցյալի մանրամասների մասին.
«- Պարոն Մարգարյան, դժվար չէ՞ր արդյոք 12-13 տարեկանում զենք մատակարարել Ղարաբաղյան պատերազմի առաջին գիծ։
- Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։
- Այսինքն, մանկահասակ տարիքում զենքեր չե՞ք տարել Ղարաբաղ։
- Դա անհեթեթություն է, նման բան չի եղել։ Ո՞վ է ասել, ես չգիտեմ։ Ես հերքում եմ այդ սուտ լուրը»»,–գրում է թերթը։




























