Մայիսի 2-ին կնոջն ու հարսին դանակահարելուց հետո սեփական ավտոմեքենայով վթարի ենթարկված՝ Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար Արտավազդ Մկրտչյանի արարքը զարմացրել է համագյուղացիներին. մոտ 10 տարի համայնքը ղեկավարելու ընթացքում «ոչ ոքի թթու խոսք չէր ասել»:
NEWS.am-ի հետ զրույցում ալվարցիները պատմեցին, որ վերջին մեկ ամսում, այնուամենայնիվ, իրեն տարօրինակ էր պահում. դարձել էր նյարդային,անհամբեր ու անտարբեր:
«Մենք այսքան ժամանակ չենք նկատել, որ մեր գյուղապետը մեկնումեկիս մի վատ բան անի կամ մի թթու խոսք ասի, բայց վերջերս այնքան տարօրինակ էր, որ զարմանում էինք, բայց մինչեւ վերջ էլ չասեց, թե ինչ է իր հետ կատարվում, իրան-իրան խոսում էր, ինքնամփոփ էր դառել»,- NEWS.am-ին պատմեց Ալվարի բնակիչներից մեկը:
Համագյուղացիները վստահեցնում են, որ գյուղապետը ֆինանսական խնդիրներ չուներ, ընդհակառակը, գյուղացիներին օգնում էր՝ ինչով կարող էր, եղբայրներ ունի Ռուսաստանում, որոնք նրան օգնում էին:
Ալվարում Արտավազդ Մկրտչյանն ապրել է կնոջ` Լուիզա Գաբրիելյանի հետ, որը գյուղի դպրոցի փոխտնօրենն է, երկու դուստրերն ամուսնացած են, իսկ որդին կնոջ հետ բնակվում է Գյումրիում:
Հարեւանների պատմելով՝ որդին կնոջ հետ օրերս էր եկել գյուղ` ծնողներին տեսակցության: Ողբերգությա օրը, առավոտյան ժամը 09:00-ի սահմաներում, Մկրտչյանների տնից վիճաբանության ձայներ են լսել. Արտավազդ Մկրտչյանը վիճել է հարսի հետ կենցաղային հարցերի շուրջ, ըստ գյուղացիների, նրան դուր չի եկել, որ 24-ամյա հարսն իր տաբատը լավ չի արդուկել, խոհանոցային դանակով հարվածել է նրան, կինը միջամտել է, փորձել է պաշտպանելով հարսին, ամուսինը նրան նույնպես դանակի հարված է ստացել:
Վիճաբանությունից հետո Արտավազդ Մկրտչյանին տեսել են տնից շատ արագ ու հուզված դուրս գալիս: «Մենակ էն տեսա, որ փոշի ելավ, Արտավազդն էր, էնքան արագ ավտոյով գնաց, որ դաժե մի պահ մտքիս մեջ ասի՝ այ մարդ, փորձանքի չգա հանկարծ»,- պատմեց հարեւաններից Գարիկ Խաչատրյանը:
Արտավազդ Մկրտչյանը շարունակում է մնալ Գյումրու բժշկական համալիրում, նրան զննում են Երեւանից մեկնած բժիկները: Այս պահին նրա վնասվածքները համարվում են կյանքի հետ անհատեղելի. նրա մարմնի 97 տոկոսն այրված է: Բժիշկների խոսքով՝ ապրելու հույսը նվազագույն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Գյուղապետի կնոջ ու հարսի վիճակը կայուն է. նրանք հիվանդանոցում են:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որից հետո կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը:
Ավելի վաղ՝ NEWS.am -ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանը մայիսի 2-ին, վաղ առավոտյան իր վարած «Ինֆինիտի» մակնիշի «170 ԼՏ 47» պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200մ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենան բռնկվել է։ Արտավազդ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով եւ այրվածքներով, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: NEWS.am -ի թղթակցին Ալվարի գյուղացիները պատմել էին, որ գյուղապետը մինչեւ վթարի ենթարկվելը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ 53-ամյա Լուիզա Գաբրիելյանի եւ հարսի՝ 24-ամյա Գայանե Գոմցյանի հետ ու դանակահարել նրանց: Վիճաբանությունից հետո դուրս է եկել տնից, նստել մեքենան ու արագ վարելով՝ հեռացել գյուղից:




























