News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը ձեւականորեն անմիջապես բացահայտվել է, բայց ըստ էության՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը:

Նա նշեց, որ Հոկտեմբերի 27-ի հետեւում կանգնած են  Հայաստանի թշնամիները, որոնք էլ շահեցին այդ ողբերգությունից:

«Եթե «Հոկտեմբերի 27»-ը տեղի չունենար, Հայաստանը կլիներ որակապես այլ վիճակում, մարդկային հարաբերությունների եւ տնտեսության զարգացման եւ հզորության, եւ ազգային գաղափարախոսության առումով կլիներ բոլորովին այլ մակարդակի վրա՝ շատ ավելի առաջավոր»,-ընդգծեց Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ Նաիրի Հունանյանի եւ մյուս կատարողների վստահությունը դատարանում վկայում է այն մասին, որ նրանց համարձակություն ներշնչողներ կային: «Գնալով ավելի համոզվում եմ, որ մեր ժողովուրդը հերոսներին դավաճանող, սպանող հատկություն ունի, պատմության մեջ դա բազմիցս ապացուցվել է եւ դա շատ ցավալի է»,-ասաց Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ