Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գլխավոր ջրատարներից մեկի պայթյունը մաշվածության եւ բարձր ճնշման հետեւանք է, իսկ առաջացած խնդիրները կվերացվեն շաբաթների ընթացքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, որ թե ենթակա ծառայություններին, թե համապատասխան հանձնաողովին ցուցումներ տվել է, եւ արդեն որոշակի աշխատանքներ արվել են: Այսպես, մասնակի վերանորոգվել է տանիքի հատվածը, առաջին հարկում գտնվող մանկապարտեզի ապակիներն են ամբողջությամբ տեղադրված, շենքի բոլոր հարկերից քարերը, ավազը, ջարդած ապակիները հավաքվել են, խաղահրապարակը՝ մաքրել, դեռ շարունակվում են մաքրման, վերականգնողական աշխատանքները: «Ինչ վերաբերում է հոսանքին եւ գազամատակարարմանը, ապա համապատասխան ծառայությունները ուսումնասիրեցին՝ ինչքանով է անվտանգ դրանց վերականգնումը այժմ, պարզվեց. որ դեռ վտանգավոր է, քանի որ խոնավությունը մեծ է: Բոլոր հարկերի առաստաղների վրա համապատասխան անցքեր են բացվել, որպեսզի ջրերը գան հոսեն»,- ասաց քաղաքապետը: Արտակարգ իրավիճակի պատճառով տուժած բնակիչներին քաղաքապետարանը ժամանակավոր տեղավորել է հյուրանոցում:
Ինչ վերաբերում է վերականգնողական աշխատանքների ավարտին, Աշոտ Հայրապետյանն ասաց, որ եթե մինիմալ պայմանների մասին է խոսքը, ապա մոտ 2-3 շաբաթ կպահանջվի, քանի որ խոնավությունը պետք է դուրս գա: Նման պայթյունի պատճառը, քաղաքապետի խոսքով, խողովակի մաշվածությունն է եւ բարձր ճնշումը: Այժմ Կապանում քաղաքի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներ են տարվում, բաշխիչ ցանցը փուլ առ փուլ փոխվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այսօր՝ նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան քաղաքի գլխավոր ջրատարներից մեկի պայթյունից արտակարգ իրավիճակ է առաջացել: Ջրի շիթն այնքան բարձր է եղել, որ վնասել է մոտակա 5 հարկանի շենքի 15 բնակարաններն ու առաջին հարկում գտնվող մանկապարտեզը:
Ինչպես հաղորդել է Կապանում NEWS.am-ի թղթակիցը, պայթունից ջարդվել են բնակարանների պատուհանները, տները լցվել են հողով, քարերով ու ջրով, շենքի բակն ամբողջությամբ ջրի մեջ է: Վնասվել է նաեւ շենքի տանիքը: Վեց ընտանիք այժմ վերաբնակեցման խնդիր ունի: Վիրավորներ չկան:




























