Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ ավելի քան 4 ամիս հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոկվել Գրիգորյանը նոր միջնորդություններ է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

«Միջնորդություններ ենք ներկայացրել, որ հարցաքննվեն ականատես-վկաներ, առերեսումներ լինեն տուժողի եւ նրանց միջեւ: Ականատես-վկաները գործին արժեք տվող հանգամանքներ, փաստեր կներկայացնեն, որոնցով կհերքվի, որ Սեդրակ Օսիպյանն է դանակահարել Վանուշ Ալեքսանյանին»,- ասաց փաստաբանը:

Թե ով է այդ դեպքում դանակահարել 22-ամյա երիտասարդին, Կրոմվել Գրիգորյանը չհայտնեց՝ նշելով, թե առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի:

Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ: Փաստաբանի խոսքով՝ Սեդրակ Օսիպյանն անձամբ է ոստիկանություն ներկայանալու այն բանից հետո, երբ քննչական գործողությունները կավարտվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: