Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի եւ անշարժ գույքի գույքահարկի ծախսը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ համարժեք գումար կստանան նաեւ այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության եւ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման ծախսերի համար:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2018թ. հունվարի 1-ը:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով եւ կքննարկվի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում: