Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումը հետ է վերադարձվել շտկումներ անելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունները, որ էթիկայի հանձնաժողովը դիմում է ստացել, որի բովանդակությունը, սակայն, չի կարող բացահայտել, քանի որ դա օրենքի պահանջ է: «Դիմումում եղել են ձեւական սխալներ, հանձնաժողովի քարտուղարը դա մատնացույց է արել դիմողին՝ հնարավորություն ընձեռելով շտկել այդ սխալները: Երբ վերջնական օրենքի պահանջներին համապատասխանող դիմումը կներկայացվի, որպես հանձնաժողովի նախագահ՝ 10-օրյա ժամկետում կիրականացնեմ դիմումի նախնական ուսումնասիրություն՝ պարզելու համսր վարույթ ընդունելու կամ մերժելու հիմքերի առկայության կամ բացակայության փաստը ու դա կներկայացնեմ հանձնաժողովի նիստին»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին:
Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դեմ: Բանն այն է, որ վերջերս հանձնաժողովի Ստեփանակերտում կայացած արտագնա նիստի ժամանակ Արտակ Զաքարյանը մինչեւ օրակարգի հաստատումը քվեարկության էր դրել դռնփակ նիստ անցկացնելու հարցը: Սա, ըստ «Ժառանգության» պատգամավորի, էթիկայի խախտում է:




























