«Օֆշորի գործով» նշանակվել է ֆինանսա-տնտեսագիտական փորձաքննություն, որը վերաբերվում է «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ այս փորձաքննությամբ պարզ է դառնալու, թե հարկային ինչ պարտավորություններ ունի իր պաշտպանյալը, արդյոք չարամտորեն խուսափել է հարկերը վճարելուց, թե ոչ: Նշենք, որ կոոպերատիվը պատկանել է հենց Սուքիասյանին:
«2012թ.-ից Աշոտ Սուքիասյանը բացակայել է հանրապետությունից եւ չի բացառվում, որ որոշ պարտավորություններ ունենա: Դրա համար է այս փորձաքննությունը նշանակվել, դրանից հետո միայն հնարավոր է՝ նախաքննությունն ավարտվի»,- ասաց փաստաբանը:
Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ դեկտեմբերի 19-ին լրանում է գործարարի կալանքի տակ մնալու ժամկետը, սակայն ամենայն հավանակությամբ, նախաքննական մարմինը միջնորդություն կներկայացնի՝ ժամկետը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























