Հետազոտողները վերականգնել են այն տղամարդու արտաքինը, որին գրեթե 2 000 տարի առաջ մահից հետո գլխատել և թաղել էին Շոտլանդիայի արևելյան ափին գտնվող հռոմեական Ինվերեսկ ռազմական ամրոցից ոչ հեռու, գրել է Live Science-ը։

Մնացորդների քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ նա, հավանաբար, մեծացել է Բրիտանիայի հարավում։ Թե ինչու էր տղամարդը հայտնվել հռոմեական ռազմական սահմանին և ինչ հանգամանքներում էր գլխատվել, մնում է անհայտ։

Դեմքի թվային վերակազմությունը գանգի ձևի հիման վրա ստեղծել են Շոտլանդիայի ազգային թանգարանների մասնագետները՝ բրիտանացի դատական մարդաբան Քրիստոֆեր Ռինի հետ համատեղ։ Հետազոտության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 50 տարեկանում՝ մ.թ. 142-165 թվականների միջև։

Կմախքը վկայում է, որ կենդանության օրոք նա ակտիվ կենսակերպ է վարել։ Տղամարդը քթի կոտրվածք էր ստացել, որը հետագայում սերտաճել էր։ Աջ արմունկի հատվածում հայտնաբերվել է ոսկրային զգալի գերաճ, որը, հնարավոր է, կապված էր արթրիտի կամ նախկին վնասվածքի հետ։ Բացի այդ, նրա աջ ձեռքի շարժունակությունն այնքան սահմանափակ էր, որ հազիվ թե կարողանար սուր գործածել։

Հնագետները ենթադրում են, որ տղամարդը կարող էր աշխատել հռոմեական բանակում, բայց պարտադիր չէ, որ մասնակցած լիներ մարտերին։ Նա կարող էր լինել գրագիր, արհեստավոր կամ կատարել այլ օժանդակ պարտականություններ։ Չի բացառվում նաև, որ նա զենքը գործածում էր ձախ ձեռքով։

«Տրիմոնտիում» հիմնադրամի հնագետ Ջոն Հ. Ռիդը, որը չէր մասնակցել պեղումներին, ուշադրություն է հրավիրել տղամարդու ծագման և թաղման անսովոր ծեսի միջև հնարավոր կապի վրա։ Նրա խոսքով՝ Բրիտանիայի հարավում հայտնաբերվել են նույն ժամանակաշրջանի այլ գերեզմաններ, որոնցում հանգուցյալները նույնպես գլխատված են եղել։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նման գործելակերպը կարող էր որոշ տեղական համայնքների թաղման ավանդույթների մաս լինել։

Ընդ որում, առկա տվյալներից դատելով՝ Ինվերեսկի թաղումը կապված չէր մահապատժի կամ նվաստացուցիչ հուղարկավորության հետ։ Հռոմեական Բրիտանիայում գլխատումը հաճախ կիրառվում էր մահապատժի ենթարկված հանցագործների նկատմամբ, սակայն գերեզմանի այլ առանձնահատկություններ վկայում են, որ հանգուցյալին հարգանքով են վերաբերվել։ Ինվերեսկում հայտնաբերված հռոմեական ժամանակաշրջանի վեց գերեզմաններից չորսը պատկանել են մարդկանց, որոնց նույնպես գլխատել էին մահից հետո։

Մնացորդների իզոտոպային վերլուծությունը թույլ է տվել ենթադրել, որ տղամարդը մեծացել է Բրիտանիայի հարավում։ Սակայն նման քիմիական ցուցանիշներ կարող էին բնորոշ լինել նաև հարևան որոշ շրջաններին, այդ թվում՝ ներկայիս Նիդեռլանդների ափամերձ տարածքներին։

Ինվերեսկի հռոմեական ամրոցը կառուցվել է մոտավորապես մ.թ. 140 թվականին։ Այն ծառայել է որպես հրամանատարական և մատակարարման կենտրոն Անտոնինոսի պատի երկայնքով տեղակայված ամրությունների համար։ Այդ պաշտպանական գիծը հատում էր Շոտլանդիան նրա արևմտյան և արևելյան ափերի միջև։ Հռոմեացիները փորձում էին ամրապնդվել երկրի հարավում, սակայն մոտ 162 թվականին կրկին նահանջեցին դեպի ավելի հարավ գտնվող Հադրիանոսի պատը։

Շոտլանդիայում հռոմեական ռազմական կառույցների պեղումները և ուսումնասիրությունները շարունակվում են։ Երկրի հարավում գտնվող Բերնսուորք հնավայրում հնագետները, մասնավորապես, հայտնաբերել են վկայություններ, որ հռոմեացիներն օգտագործել են պարսատիկներ և կապարե հատուկ արկեր, որոնք թռիչքի ժամանակ սուլոց են արձակել։