«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ այս տարվա հուլիսից կալանքի տակ գտնվող հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին դեկտեմբերի 9-ին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարարի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

«Լեւոն Հայրապետյանի մոտ միզապարկի քաղցկեղ նոր չի հայտնաբերվել, շուտվանից կար: Դեկտեմբերի 9-ին նրան հիվանդանոց են տեղափոխել վիրահատության համար: Հենց քաղցկեղի հետ կապված էլ վիրահատություն է արվել»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանի դատարանը 4 ամսով երկարաձգեց Հայրապետյանի կալանքի ժամկետը: Դատական նիստին հայ գործարարը չէր ներկայացել, քանի որ նախորդ օրը հոսպիտալացվել էր:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։