Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում. բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այս անգամ էլ խնդիրներ ունի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանն ընդգծեց, որ վերջին 11 ամիսների ընթացքում համագործակցել է Թոքմաջյանի հետ, սակայն որեւէ խնդիր չի ունեցել: Նրանց հարաբերությունները լարվել են վերջին 3 օրերի ընթացքում:
«Խնդիրներն առաջացան, երբ բուհի ղեկավար կազմը որոշեց ուսանողական ինքնավար մարմնի ստեղծման եւ գործունեության կանոնակարգը մշակել: Մինչդեռ մենք հասարակական գործունեություն ենք ծավալում եւ օրենքով նախատեսված ձեւով մեր կանոնակարգը ներկայացրել ենք կրթության եւ գիտության նախարարությանը, ստացել նրանց համաձայնությունը, որից հետո փետրվարի 2-ին նիստ արել՝ կանոնակարգի հետ կապված: Դրանից հետո նշանակվում է համալսարանի գիտական խորհրդի նիստ, որին գալով՝ օրակարգում տեսնում եմ երկու հարց՝ գիտական խորհրդի կանոնակարգը հաստատելու մասին, որտեղ նշված է՝ ուսանողական խորհուրդը հաստատում է Պոլիտեխնիկի գիտական խորհուրդը, երկրորդն էլ՝ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը հաստատելու մասին է եղել»,- պատմեց Գոռ Վարդանյանը:
Նիստի ընթացքում ուսխորհրդի նախագահը ներկաներին հայտնել է, որ կանոնակարգը որոշում են իրենք՝ հղում անելով օրենքին, սակայն խորհուրդը դա հաշվի չի առնում եւ հարցերը դնելով քվեարկության՝ անցկացնում դրանք:
«Քանի որ հարցը դուրս եկավ մեր համալսարանի տիրույթից, մենք դիմեցինք նախարարությանը, որ խնդիրները լուծվեն: Այնուհետեւ շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին, ես ստացա գրություն, որ արտահերթ գիտական խորհրդի նիստ է հրավիրվում»,- ասաց նա՝ հավելելով, որ նիստին չի գնացել, քանի որ նույն ժամին հրավիրվել էր ԿԳ նախարարություն:
Գոռ Վարդանյանի կարծիքով՝ այս կերպ Թոքմաջյանը ցանկանում է «խառնվել» ուսխորհրդի աշխատանքներին:
Նշենք, որ ԿԳՆ-ն այժմ ուսումնասիրում է խնդիրը:





























