«Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցելու Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանի նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի հանդիպումների շարքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ամենասկզբից էլ իրենք ստացել էին հրավերը, բայց քանի որ զբաղված էին կազմակերպաիրավական, կառուցվածքային խնդիրներով, լարված քննարկումների, աշխատանքների փուլում են, որոշել են առժամանակ նմանատիպ հանդիպումների չմասնակցել: «Մինչեւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշակի փուլում դառնա որպես կայացած կառույց, այդ ժամանակ կմտածենք նմանատիպ հանդիպումների մասին, խոսքը առաջիկա մեկ-երկու ամիսների մասին է»-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:  

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է, իսկ այդ ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել եւ նշել, որ տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ: Նույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին: Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց»: