Քիչ առաջ NEWS.am էր զանգահարել «TV5» հեռուստաընկերության բաժնետերերից մեկի ներկայացուցիչը՝ Գեորգի Մկրտչյանը, ով պնդեց, թե իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, ըստ որի՝ «TV5» հեռուստաընկերության ղեկավարությունը հրահանգել է իր աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից աշխատանքի չգալ: Նա նշեց, որ հեռուստաընկերության ղեկավարությունը իր աշխատակիցներին նման որեւէ հրահանգ չի տվել:

«Մեր հիմնարկությունը որեւէ մեկին նման բան չի ասել: Այն մարդիկ, ովքեր ձեզ հայտնել են այդ լուրը, ստել են: Եւ եթե դուք նշեք նրանց անունը, մենք գործ կհարուցենք նրանց դեմ»,-նշեց Մկրտչյանը: Նա, սակայն, չհստակեցրեց, թե «TV5»-ը քանի բաժնետեր ունի եւ դրանցից հատկապես որի՞ ներկայացուցիչն է ինքը:

Մկրտչյանը նշեց նաեւ, որ «TV5»-ը  պատրաստվում է մասնակցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված՝ Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին: Թե ծրագրային  ի՞նչ փաթեթ է ներկայացնելու մրցույթին՝ Մկրտչյանը չասաց: Նա նշեց, որ ծրագրային փաթեթի էութան, ինչպես նաեւ հեռուստաընկերության բաժնետերերի վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան այն ժամանակ, երբ տեղի ունենա մրցույթը:

Հիշեցնենք, որ «TV5» հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը հայտնել էին NEWS.am-ին, որ հեռուստաընկերության ղեկավարությունը օրերս հրահանգել է իրենց՝ սեպտեմբերից աշխատանքի չգալ: Որպես աշխատանքի չգալու պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում չի հաղթելու եւ զրկվելու է հեռարձակման իրավունքից: