Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն անցել է բազմաթիվ խախտումներով, իսկ նոր մրցույթի անցկացումն իրավաչափ չի եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

«Նախ եւ առաջ խախտվել է թափանցիկություն եւ հրապարակայնության սկզբունքը, ինչը նշանակում է՝ հայտ ներկայացրած դիմորդների փաթեթներին ծանոթանալու ցանկություն հայտնած դիտորդական կազմակերպություններին եւ  ԶԼՄ ներկայացուցիչներին նման հնարավորություն չի ընձեռնվել: Փաստաթղթերի ստուգման փուլում պետք էր գնահատել, թե արդյոք այդ փաստաթղթերը համապատասխանում են չափորոշիչներին, թե ոչ: Այս փուլում հանրությանը զրկեցին դիտարկել այդ փաստթղթերը: Երկրորդ խախտումն այն է, որ մեզ զրկեցին մասնակցել հանձնաժողովի նիստերին»,- ասաց Լուսինե Հակոբյանը:

Թե ինչպես է հանձնաժողովը գնահատել թեկնածուներին, ինչ թեստեր են կազմվել, Լուսինե Հակոբյանի պնդմամբ՝ նորից գաղտնի են պահվել:

«Հանձնաժողովի անդամների եւ լեզվի մասնագետները նստել եւ ուղղակի գնահատել են՝ հանրության աչքից հեռու: Ըստ երեւույթին՝ գնահատումն արդար չի եղել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ դատավորի մրցույթն առաջին անգամ չեղյալ համարվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մինչդեռ ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ոչ ոք նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ այսպես սահմանված է հենց Սերժ Սարգսյանի՝ 2014թ. օգոստոսի 2-ի հրամանով:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ համոզված է, որ հանձնաժողովի 9 անդամներն էլ քաղաքականապես չեզոք չեն եղել, կապված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ինչպես նաեւ գործադիր իշխանությունից:

«Հանձնաժողովի անդամները չեն նշանակվել՝ ըստ իրենց գիտելիքի, հանրության մեջ վայելած հեղինակությամբ, այլ հենց Սերժ Սարգսյանի որոշմամբ: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին աշխատում է Սահմանադրության փոփոխությունների վրա եւ ակնհայտ է, որ նա հանդիսացել է ՀՀ-ում պարբերաբար կեղծվող ընտրությունները լեգիմիտացնող մարմնի ներկայացուցիչ: Նույնը վերաբերվում է Հովհաննես Մանուկյանին: Հետեւաբար, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որ ցուցակում չհայտնվեն անկախ մարդիկ»,- ավելացրեց Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով էլ՝ հարցազրույցի փուլը ձեւական է եղել, հավակնորդի ոչ մի անձնական որակ չի ուսումնասիրվել, մինչդեռ օրենքով պետք է լինեին հարցեր անձնական որակների մասին. «Ինքներդ էլ տեսաք, որ անձնական որակները ստուգող առաջին փուլն ընդհանրապես չի եղել, հավակնորդը ներկայացրել է իր ինքնակենսագրականը եւ անցել են առաջ: Հարցեր հնչել են միայն մասնագիտական կարողությունների մասին: Հետաքրքրական է, որ հանձնաժողովի մի շարք անդամներ էլ հարցազրույցի փուլի ընթացքում պարբերաբար դուրս էին գալիս դահլիճից, հետո վերադառնում»:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: