Վարչական դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, կկայանա առաջին նիստը «Հրազդան» տոնավաճառն ընդդեմ հարկային մարմինների գործով: Մեզ հայտնի դարձավ, որ գործով փաստաբանը Նիկոլայ Հակոբյանն է:

Ի դեպ, ավելի վաղ նա ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի շահերը դատարանում ընդդեմ հարկայինի գործով եւ հաղթանակ է գրանցել:

Հիշեցնենք, որ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող  «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել են 653 միլիոն դրամով, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանին՝ «Բուռնաշին», պատկանող «Հրազդան» տոնավաճառը տուգանել են 60 միլիոն դրամով: Պատգամավորները համաձայն չէին այս տուգանքների հետ եւ հայտարարել էին, որ դա կվիճարկեն դատարանում:  Հարցին, թե այս թեմայով զրուցել եք Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Իհարկե, դիմել եմ, սակայն չգիտես ինչու Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, ես էլ չեմ կարծում, թե դա նախագահին դիմելու հարց է»: