Ստեփանավանում մայրը երեխաներին նետել է պատուհանից, որպեսզի նրանց փրկի տանը բռնկված հրդեհից:
NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ ապրիլի 22-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ 4-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի թիվ 24 հասցեում մասամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող վագոն-տնակը` գույքով (9x3մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.41-ին, մարվել` 09.12-ին:
Մորը եւ երկու երեխաներին տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մայրը պատմել է, որ 3 ամսական երեխային պատուհանից գցել է, որ չայրվի, իսկ 3 տարեկանին իր հետ հանել տնից: 3 ամսական բալիկի մոտ որեւէ խնդիր չկա, նրան հենց երեկ էլ դուրս են գրել, 3 տարեկան երեխայի ձեռքերին մի փոքր այրվածքներ կան, իսկ հիմնականում այրվածքներ է ստացել մայրը, նա դուրս կգրվի մեկ շաբաթից:




























