«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գեւորգյանը երեկվանից՝ հուլիսի 9-ից, հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ կալանավորը գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության ներքո: Նա ունի մի շարք հիվանդություններ, որոնց դեմ բուժում է ստանում: Այժմ մասնագետները աշխատանքներ են տանում, որպեսզի կալանավորը դադարեցնի հացադուլը: Կալանավորը հայտնել է նաեւ, թե հացադուլ է հայտարարում, քանի որ իրեն պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերում, մինչդեռ ՔԿՎ-ից վստահեցնում են, որ Հրաչյա Գեւորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված Հրաչյա Գեւորգյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 3, 4, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, ակնհայտ անչափահաս երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 34-139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ), 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 182-րդ հոդվածների 1-ին (շորթում) մասերով:
Նա ՔԿՀ-ում հայտնի է որպես «զոն նայող»:



























