«Վերնիսաժի» կրակոցների առթիվ քրեական գործ հարուցելիս քննիչը դիտավորյալ ծանր մեղադրանք է առաջադրել, քանի որ գործը հասարակական հնչեղություն է ունեցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Թվում էր՝ դատախազությունը պետք է հասկացած լիներ, որ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված գործերի դեպքում որոշում կայացնելիս անաչառ երեւալու համար պետք է նման ծանր մեղադրանք չառաջադրի, բայց հակառակն է: Քրեական գործ հարուցման պահից սկսած իրավաբանական մտածողությունը մի կողմ են դրել, գործի քննությունը կատարել են մոտավորապես»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինն առանց որեւէ ապացույց ունենալու մեղադրանքում նշել է, որ Գոռ Առաքելյանը կատարել է խուլիգանական դրդումներով արարք, դիտավորյալ ցանկացել է կյանքից զրկել երկու երիտասարդներին:

«Ինձ համար հետաքրքիր է՝ դատախազը որտեղ է տեսել Գոռի մոտ ցինիզմը, դաժանությունը, իր անձի առավելությունները ընդգծելը, հանդգնությունը, որոնք, ըստ Վճռաբեկ դատարանի՝ հիմք են հանդիսանում խուլիգանական արարք կատարելու համար: Ոչ մի փաստական տվյալ չի եղել, որ Գոռ Առաքելյանը խուլիգանական դրդումներով է գործել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ գետնին կրակելն արդեն փաստում է, որ Գոռը չի ցանկացել որեւէ մեկին դիտավորությամբ վնաս պատճառել. «Գոռը գետնին է կրակել, որ ոչ մեկին չվնասի, պարզապես սխալվել է իր հաշիվներում»:

Քննիչը, ըստ փաստաբանի, մեղադրանքի հիմքում դրել է մի տեղեկանք, որը հետին ամսաթվով կցվել է քրեական գործին: Տեղեկանքը, որը գրել է քննիչը վկաներից մեկի հետ բանավոր խոսակցության հիման վրա այն մասին, որ նախքան դեպքը ծեծկռտուք է եղել, փաստաբանի խոսքով՝ իրավական արժեք ունենալ չի կարող, քանի որ չկա նման ընթացակարգ, որ առանց վկայի ստորագրության նրա ասածն օգտագործվի որպես ապացույց:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել է Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջել է 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: