Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանքը, թե 4 մեղադրյալները, նախնական համաձայնությամբ, առանձնակի դաժանությամբ սպանել են կուրսանտին, պարզապես աբսուրդ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը՝ նախաքննության նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո:

«Օդից վերցված որոշում է, հստակեցված չէ, թե ինչ նախնական համաձայնության մասին է խոսքը, ինչպես նաեւ ըստ մեղադրանքի՝ 4 մեղադրյալները ցանկացել են իրենց «ես»-ը ընդգծել եւ 6 հոգու աչքի առաջ սպանել, բայց ապացուցված չէ, թե ինչու: Գործի նյութերում ոչինչ չկա նաեւ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մասին. փորձաքննությամբ կտտանքի հետք չի եղել սպանված կուրսանտի վրա: Այնպես որ, ինչպես ի սկզբանե գործը հարուցել են այս չորսի վրա, այդպես էլ գործը դատարան է գնում»,- ասաց փաստաբանը:

Նադիրյանի խոսքով՝ անցկացվել է մակերեսային, թերի քննություն, միակողմանի, մեղադրանք է առաջադրվել 4 կուրսանտի՝ միայն մի քանի ականատես-վկաների ցուցմունքների համաձայն: Մինչդեռ փաստաբանը համոզված է, որ քննությամբ պետք է վարկած քաշվեր նաեւ, որ սպանությունը հնարավոր է կատարած լինեն ականատես-վկաներից մեկը:

«Նույն վկաները հարցաքննվել են 5-11 անգամ, ամեն անգամ միասին ինչ-որ բան են հիշել, միասին ինչ-որ բան մոռացել: Իսկ քննչական մարմինը վկաների ցուցմունքների հակասությունները վերացնելու փոխարեն նախաքննության ավարտ է հայտարարել»,- ասաց նա:

Նշենք, որ Վաչե Սահակյանի պաշտպանը միջնորդել է կրկնակի փորձաքննություններ նշանակել, ինչպես նաեւ դադարեցնել կուրսանտի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է: