Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը կբողոքարկի նրա կալանքը 45 օր երկարացնելու մասին դատարանի որոշումը: Այս մասին այսօր` մարտի 25-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Բողոքարկելու ենք Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան: Պետք է հասնենք մինչեւ Եվրոպական դատարան, որովհետեւ Գեւորգն անօրինական է զրկվել ազատությունից, եւ դատարանը պետք է ընդունի դա ու Հայաստանի Հանրապետությունը պարտավորվի վերացնել Գեւորգ Սաֆարյանի իրավունքների խախտումը»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը այսօր` մարտի 25-ին, երկարացվել է 45 օրով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























