Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց մարտի 24-ին ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը:

«Ռուզաննա Եղնուկյանը գլխացավեր ունի, սրտխառնոց, թուլություն: Այդ պատճառով այսօր նրան հոսպիտալացրել են»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ըստ «Նոր Հայաստանի», սակայն բերման ենթարկվածների թիվը 16-ն է: Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք էր ստացել Ռուզաննա Եղնուկյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց:

Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության՝ ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյել եւ հարվածներ են հասցրել ի նշան բողոքի իրենց շղթայած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին: