Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության վերջին հաղորդագրության, ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարեւելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։





























