Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծմանը: Այդ մասին ապրիլի 4-ին  «Ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների պատճառը եւ հնարավոր զարգացումը» թեմայով քննարկմանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նախկին նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին հայկական կողմերը հիմնականում համաձայնություն են տվել, Ադրբեջանը երբեք չի համաձայնել: Նրա խոսքով, Ադրբեջանը  հրաժարվում է  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցի քննարկումից:  «Դրանով Բաքուն փակում է բանակցային ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծման հնարավորությունը:  Այն հարցի պատասխանը, թե ով է ստատուս քվոյի պահպանման կողմնակիցը, ինչու հարցը չի լուծվում, մեկն է. Ադրբեջանը չի ցանկանում հարցի լուծում առաջարկված տարբերակով», - ընդգծել է Հարությունյանը: Հասկանալով, որ լայնածավալ պատերազմով չի կարող լուծել հարցը, իսկ բանակցային գործընթացը նրա համար անընդունելի է, շարունակել է նախկին նախարարը, Ադրբեջանը սադրանքների է դիմում, շանտաժում է Հայաստանին, համանախագահողներին եւ այն երկրներին, որոնք կապված են նավթի արտահանման հետ եւ որոնք նրա հետ տնտեսական շահեր ունեն:   

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Խրոնիկական դարձած գնդակոծությունից եւ մասնավոր դիվերսիոն-հետախուզական  արտագրոհներից Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով զանգվածային գրոհի է անցել` հրետանու, ծանր տեխնիկայի եւ ավիացիայի օգտագործմամբ: Երկու կողմից զոհեր կան: