Անհրաժեշտ է ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն է նախահարձակ եղել: «Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից»,-ասել է նախագահը:
«Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը եւ չեն նախատեսում հետեւանքներ դրանց անտեսման համար:
Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները եւ խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը եւ որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:





























