Այն, որ Ադրբեջանը շփման գծի ամբողջ պարագծով լայնածավալ ռազմական գործողությունների է դիմել, նշանակում է, որ իրենք նախապատրաստվել էին դրան, սակայն մենք պատրաստ էինք դրան եւ տեղեկությունը փոխանցել էինք համապատասխան կառույցներին: Այդ մասին ապրիլի 6-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ իրավաբանական առումով համապատասխան աշխատանքներ են տարվում:
Նախարարի խոսքով, հենց այդ պատճառով է հայկական կողմին հաջողվել ռազմական գործողությունների ամբողջ պարագծի երկայնքով դիմակայել ադրբեջանական ագրեսիային եւ հաջողության հասնել:
Օհանյանը նաեւ նշել է, որ մեծ դեր է խաղացել բարոյահոգեբանական մթնոլորտը, Պաշտպանության ամբողջ բանակի աշխատանքը, որը կարողացավ ճիշտ օգտագործել առկա ռազմատեխնիկան:
Հակառակորդը չկարողացավ ռազմավարական հաջողությունների հասնել: Օպերատիվ ռազմավարական նախաձեռնությունը ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության ձեռքում էր զինծառայողների հերոսության դրսեւորման շնորհիվ: Մենք խոնարհվում ենք հերոսների հիշատակի առաջ:





























