ԼՂՀ դատախազությունը քրգործ է հարուցել ադրբեջանական ԶՈւ կողմից ռազմական գործողությունների փաստերով:
ԼՂՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 04.04.2016թ. ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն հանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ` քննարկելու 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների եւ դրանց արդյունքների փաստերով արդեն իսկ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության արդյունքները:
Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ եւ առանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական, կամայական գույքի ոչնչացում: Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր:
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) եւ 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածների հատկանիշներով: Միաժամանակ, ԼՂՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, եւ տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին:





























