Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հին է, դրա լուծման մեխանիզմներն ու ձեւաչափերը կան, ինչ-որ նոր բան ստեղծելը վտանգավոր է, հարկավոր է վերադառնալ «բանակցությունների այն սեղանի շուրջ, որը ստեղծվել է վերջին 20 տարիներին» եւ խորհրդակցություններ սկսել: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Այս հակամարտությունը, ցավոք, սկիզբ է առնում 1994 թվականից, եւ կան մեխանիզմներ ու ձեւաչափեր, առաջարկություններ եւ խումբ, որը դրանով զբաղվում է: Հիմա ամենակարեւորն այն է, որ այն ամենը, ինչ մշակել ենք վերջին տարիներին, ամբողջությամբ օգտագործվի»,- ասել է Մեդվեդեւը:

«Հիմա որեւէ նոր բան ստեղծելը կրկնակի վտանգավոր է, քանի որ այդպիսով մենք կաթվածահար կանենք աշխատանքը: Կարծում եմ՝ հարկավոր է հանգստանալ եւ վերադառնալ բանակցությունների այն սեղանի շուրջ, որը ստեղծվել է վերջին 20 տարիների ընթացքում»,- ՌԴ վարչապետի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: