Մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունն այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից ուղեւորվեց Արցախ: Շարասյունը կազմված է 10 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը սառնարանային են:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիները սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տրամադրել նախարարությանը:

«Նույնիսկ տանը պատրաստած պահածո են բերել մարդիկ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գերենալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ նշելով, որ օգնել են ոչ միայն հասարակական կազմակերպություններ, ձեռնարկատերեր, այլեւ դպրոցականներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի: