News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ առաքելությունը ուժեղացված դիտարկում է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Թալիշ գյուղի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանում բանակը համալրելուն ուղղված որոշում են կայացրել: Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողներն այլեւս բանակից տարկետման իրավունք չեն ունենա։ Ադրբեջանում այս որոշումը բացատրել են Արցախի հետ շփման գծում լարվածության աճով:

Ռոբերտ Քոչարյանը մայիսի 11-ին մեկնել է Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը եւ ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքներին վերաբերող հարցեր:

Վաղը Հովիկ Աբրահամյանը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ: Վարչապետն իր հայտարարության անոնսն արել է այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ հարցին

«Հրազդան ցեմենտը» ազատվեց 500 մլն դրամի տույժից: Հանրապետականը վերջապես կարողացավ անցկացնել աղմկահարույց օրինագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ընդդիմությունը անընդունելի էր համարում այս նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի պարտքերը պետք է ոչ թե ներել, այլ նրան պատասխանատվության կանչել հարկեր չվճարելու համար: ԱԺ-ն ընդունել է նաեւ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի համատարած ներդրումը  մեկ տարով հետաձգող օրինագիծը: Ընդդիմությունը կարծում է, որ սա արհեստական հետաձգում է, որն իշխանությունը նախաձեռնել է որպես նախընտրական քարոզչական քայլ:

Խորհրդարանում սկսվել է մաքսանենգությունն ապաքրեականացնող նախագծի քննարկումը։ Դրանով նախատեսվում է մաքսային հայտարարագրերը սխալ կամ թերի լրացնելու դեպքում գործարարներին ազատել քրեական պատասխանատվությունից, բավարարվել միայն տույժերով: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբանը ռիսկային է համարել այս նախաձեռնությունը՝ նշելով, որ խոշոր գործարարներին եւ մոնոլոպոլիստներին տուգանքներով վախեցնել չի լինի, նրանց համար այդ տուգանքները չնչին գումարներ են:

Հայաստանում են ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի հայաստանյան համազեկուցողները: Նրանք այսօր Ազգային ժողովում հանդիպել են բոլոր խմբակցությունների հետ, քննարկել Ընտրական օրենսգքրի փոփոխությունները: Դաշնակցությունը համազեկուցոներին վստահեցրել է, որ այս հարցի շուրջ քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ լայն կոնսենսուսի հնարավորություն կա: Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ասել է, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումներում արդեն ընդհանուր փաստաթուղթ է մշակվում, սակայն  դժվարացել է ասել՝ արդյոք քննարկումներին մասնակցող բոլոր կողմերն են համաձայն այդ փաստաթղթի հետ:

Տիգրան Ուրիխանյանը բացատրել է, թե ինչու է հրաժարվել ցուցմունք տալ իր հաղորդման հիման վրա ձերբակալված եւ շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնականի դեմ: «Անալիտիկ» կայքի խմբագիրը, նրա խոսքով, ընդամենը կատարողն է, սա իր քաղաքական գործունեության դեմ պատվիրատուների ձեռքի գործն է: Պատգամավորը խոստացել է ցուցմունք տալ, երբ գործը կհասնի երկու կանանցից շատ ավելի բարձր կանգնած հանցագործների՝ պատվիրատուներին:

Երեւանի Կասյան փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան մի կնոջ, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է։ Նախօրեին Հրազդան քաղաքում 26-ամյա Հարություն Թովմասյանը իր «Վազ» մակնիշի ավտոմեքենայով ավտոտնակ մտնելիս ՝ անզգուշաբար վրաերթի էր ենթարկել դարպասների մոտ կանգնած 3 տարեկան աղջկան, որը նրա ազգականուհին էր: Հարությունը երեխային հասցրել է հիվանդանոց, սակայն ճանապարհին աղջիկը մահացել է:

Երեւանում այսօր  երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: «Մենք բոլորս Կարո ենք» գրությամբ պաստառներով ու վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ երթով հասել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, եւ նամակ հանձնել, որով պահանջում են անուշադրության չմատնել ու հետաքննել Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի դեմ հարձակումները, նաեւ ապահովել նրա անվտանգությունը:

Երեւանի Էրեբունի համայնքի մաս կազմող Ջրաշենում անասունները սատկում են անհայտ հիվանդությունից: Ջրաշենցիները համոզված են, որ գյուղում դաբաղի համաճարակ է տարածված, սակայն, պատասխանատուները ոչինչ չեն անում` անասուններին փրկելու համար: Գյուղում արդեն 30 կով եւ 6 հորթ է սատկել, վարակվել են նաեւ խոզերը` չեն ուտում, անընդհատ պառկած են ոտքերի ցավի պատճառով: Ջրաշենցիների խոսքով՝ մեղավորը համայնքի անասնաբույժն է, որը ժամանակին չի պատվաստել անասուններին:

Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, նաեւ ծնողներին խնդրել է Վերջին զանգի տոնակատարությունները շքեղ չկազմակերպել: ԿԳ նախարարը կոչ է արել հիշել, որ այս պահին խրամատներում մեր երիտասարդներն են կանգնած։ Երկիրը դժվար վիճակի մեջ է։ Կարելի է հավաքվել, ուրախանալ, բայց ավելի համեստ՝ ասել է նախարարը: Նշենք, որ արդեն ահազանգեր կան, որ հատկապես մայրաքաղաքի դպրոցներում Վերջին զանգի եւ ավարտական երեկոների համար խոշոր գումարներ են հավաքում՝ միջինը 100 հազար դրամ:

Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի քվեարկության արդյունքներով Իվետա Մուկուչյանը անցել է եզրափակիչ փուլ: Ելութից հետո Իվետան բարձրացրել էր նաեւ Արցախի դրոշը, ինչի մասին լրագրողները երգչուհուն հարց ուղղեցին մրցույթից հետո կայացած ասուլիսում: «Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց հայ եմ եւ միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհին եւ Հայաստանին: Ուզում եմ՝ ամբողջ աշխարհին տարածել, որ ես ուզում եմ խաղաղություն լինի իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը»,- պատասխանել է Իվետան: Եվրատեսիլի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին: Իվետայի առաջին ելույթը բավական տպավորիչ էր: Հայաստանի մասնակիցը համարվում է հաղթանակի հավանական թեկնածու:

Դոլարը շարունակում է թանկանալ: Ռուբլին եւ եվրոն նույնպես աճել են, ֆունտը՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 479, եվրոյինը՝ 545, ֆունտինը՝ 691, իսկ ռուբլունը՝ 7.25 դրամ:

Առաջիկա գիշերը Երևանում սպասվում է մինչև 14, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 24 աստիճան տաքություն։ Գիշերվա առաջին կեսին ու օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ