ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, սակայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին ասել է  Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ափաթուրայի հայտարարությունը:

«ՆԱՏՕ-ն նախկինում եւս բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը: Ինչպես նաեւ նորություն չէ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են»,- ավելացրել է Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ այժմ բանակցությունների սեղանին շատ գաղափարներ կան. «Վերջերս՝ իր հայ գործընկերոջ այցից հետո, ՆԱՏՕ–ում է եղել Ադրբեջանի արտգործնախարարը, երկուսն էլ հստակորեն ներկայացրել են իրենց մոտեցումները: Մենք իրոք հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել այդպես երկար, այն պետք է փոխարինվի եւ դա պետք է կատարել բանակցությունների ճանապարհով»:

 «Մենք մտահոգված ենք այդ խնդրով եւ այն տեսանելի էր ապրիլյան չորսօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրված փոքր մասշտաբի դեպքերից: Բարեբախտաբար երկու կողմն էլ, իմ կարծիքով, խուսափել են այդ շատ վտանգավոր իրավիճակից»,- ասել է Ափաթուրայը: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նշել է, որ իրավիճակը համեմատած ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել եւ շատ կարեւոր է, որ կարգավորման համար ավելի շատ ջանքեր գործադրվեն: