Վաղ թե ուշ ՆԱՏՕ–ն ավելի կծավալվի դեպի Արեւելք, եւ Հայաստանը պետք է դա հասկանա։ Այս մասին հուլիսի 12-ին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկման ժամանակ, լրագրողներին ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նա հիշեցրել է, որ 2014-ին Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի հրամանատարությունից հայտնել էին, որ Դաշինքը ռազմավարություն չունի, թե ինչպես է իրեն պահելու հետխորհրդային հանրապետությունների հետ։ Բլոկը պատրաստ չէ ընդունել հետխորհրդային երկրները, որքան էլ որ նրանք դրան պատրաստ լինեն՝ լինի դա Վրաստանը կամ Ուկրաինան։ «Բայց ՆԱՏՕ–ն ամրացնում է իր ենթակառուցվածքներն Արեւելքում, իսկ նշանակում է՝ ժամանակի հետ պատրաստ կլինի ընդունել նոր երկրներ։ Եվրոպայի միավորման գաղափարը կավարտվի հետխորհրդային տարածքում։ Հայաստանը չի ուզում հասկանալ պատմության այդ անդառնալի ընթացքը, որն այլընտրանք չունի։ Հայաստանն, ընդհակառակը, պատերազմ է հայտարարել պատմությանը եւ սպասարկում է Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանի պատվերով Երեւանը հակավրացական եւ հակաուկրաինական քաղաքականություն է վարում։ Դա հակասում է հենց Հայաստանի շահերին։ ՀՀ իշխանությունները վերածվել են Ռուսաստանի գործակալների եւ չեն  հասկանում, որ ՆԱՏՕ–ի դռները բաց են»,– ասել է քաղաքագետը։