Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանի կինը՝ Լեյլա Գիչյանը պահանջում է, որ իրենց վերադարձնեն բեռնատարի գումարը, քանի որ դա իրենց ապրուստի միջոցն է:

«Մենք կաթիլ-կաթիլ հավաքել, էդ մեքենան էինք ստեղծել, որ ապրենք: Մեր ունեցածն էդ է եղել: Ամբողջ ընտանիքը դրան էր նայում, հիմա տարել են, մի քանի ամիս է՝ մի կոպեկ փող աշխատելու հնար չկա: Ես իմ մեքենայի գինը հետ եմ պահանջում»,- NEWS.am-ի հետ զրույցում  ասաց տիկին Լեյլան:

Տիկին Լեյլան պատմեց, որ հուլիսի 17-ին քնած են եղել, երբ առավոտյան արթնացել ու հայտնաբերել են, որ բեռնատարը չկա: Ամուսինը գնացել է բեռնատարը փնտրելու, երբ ոստիկաններն իրենց տուն են եկել, իրեն տարել հարցաքննության: Տուն վերադառնալուն պես ոստիկանները կրկին եկել են, ձերբակալել ամուսնուն, ապա կալանավորել: Տիկին Լեյլան պնդում է, որ ամուսինը մեղավոր չէ:

«Ինքը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել, խումբն ինչ է մտադրվել: Երկու ամիս է՝ քար էր հավաքում, քար էր բերում, քրտնաջան աշխատում էր, տունն էր սարքում, որ աշնանը անձրեւից չկաթա երեխեքիս, թոռներիս գլխին: Մեքենան վաճառքի էինք հանել, որ քարեր առնեինք, տունը սարքեինք: Կիսատ-պռատ քարերը թափված՝ եկան, մեզ գցեցինք էդ սեւ օրը: Մեր վիճակը չտեսա՞ն, քանդած տունը չտեսա՞ն, որ եկան, մեքենան քաշեցին, տարան: 10 տարվա քրտինքը խլեցին, տարեն: Հայրենասեր են, ինչ են, իմ տունը քանդեցին»,- ասաց տիկին Լեյլան:

69-ամյա Խաչատուր Գիչյանը, կնոջ պատմելով, երկար տարիներ վարորդ է աշխատել, վերջին տարիներին առողջական խնդիրներ է ձեռք բերել:

«Փայծաղը հանած է, քթից արյուն է հոսում: Կամաց-կամաց տուն էր սարքում, որ ապրենք մի կերպ»,- նշեց նա:

Գիչյանները 20 տարի է՝ Հայաստանում են ապրում, Վրաստանի քաղաքացի են: Կինը դեպքից հետո կրկին տեղափոխվել է Վրաստան: