News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Սպուտնիկ Արմենիա»-ին։ Հատուկ նախագահի հետ զրուցելու նպատակով Երեւան է ժամանել «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Հարցազրույցում նախագահն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ ղարաբաղյան հիմնախնդրից մինչեւ ԵՏՄ անդամակցություն։

Հայաստանն այս տարվա սեպտեմբերի զորահանդեսին առաջին անգամ ցուցադրեց ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը։ Արդյո՞ք սա տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի մեկնարկ չէ։ Կիսելյովի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իսկանդերի» տեղակայումը հարկադրված քայլ էր, քանի որ Ալիեւը շարունակում է գնել նորագույն սպառազինություններ եւ ամեն օր սպառնում է պատերազմով։ Այս քայլով Հայաստանը փորձել է զսպել Ալիեւին եւ հավասարակշռել տարածաշրջանում ռազմական իրավիճակը: Հնարավոր փոխզիջումների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշումը չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին եւ հիմնախնդրի կարգավորման հավասարազոր սկզբունք է։

Հնարավորություն կա՞, արդյոք, բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը պատասխանել է. Հայաստանն ուզում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, սակայն դա միակողմանի ցանկություն է։ Ցյուրիխում թուրքական կողմը նախաստորագրեց արձանագրությունները, իսկ հետո սկսեց նախապայման առաջ քաշել, թե նախ Հայաստանը պետք է Արցախին համոզի Ադրբեջանին հանձնել գոնե մեկ շրջան։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը. Սերժ Սարգսյանը կարծում է՝ կառույցին Հայաստանի միանալը ճիշտ որոշում էր։ Պարզապես դա համընկավ Արեւմուտքի պատժամիջոցների եւ Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների նվազման հետ։  Իսկ մի քանի տարի հետո արդեն Հայաստանը կզգա ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայի մասը լինելու առավելությունները։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է, այսպես կոչված, «1000 դրամ բանակին» օրենքի նախագիծը: Չնայած այս օրերին հնչած բուռն քննադատություններին՝ օրինագծին «կողմ» է քվեարկել 102, «դեմ» 3 պատգամավոր. Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը:

Պաշտպանության նախարարի ներկայացրած նախագիծը ենթադրում է, որ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1.000 դրամ վճարի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախագծի քննադատները պնդում էին, որ դրա փոխարեն հարկավոր է ապօրինի հարստացած գեներալներին եւ պաշտոնյաներին ստիպել վերադարձնել պետությունից գողացածը: «1000 դրամ բանակին» նախաձեռնության եւ ապօրինի հարստացումների մասին այսօր լրագրողները հարցեր են ուղղել մի շարք պատգամավորների:

Ազգային ժողովում այսօր նաեւ բյուջե էին քննարկում: Նախարարներն ուշացել էին, իսկ Գալուստ Սահակյանը տարակուսած էր. առաջին անգամ է, որ բյուջեն խորհրդարանում քննարկվում է՝ առանց կառավարության անդամների ներկայության:

«Հյուսիս-Հարավ» մայրուղին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարան եկած ֆինանսների նախարար Վարդան Արամյանի «մենամարտի» պատճառ է դարձել:

Շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նաեւ նորանշանակ նախարարների՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցը: Տեղեկությունների համաձայն՝ մինչեւ ՀՀԿ համագումարը բոլոր նախարարներն անդամագրվելու են կուսակցությանը: Միակը, ով մինչեւ հիմա համառում է, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է։ Ասում է՝ սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն:

Հուլիսյան դեպքերի ժամանակ բոլոր երեք ոստիկանների սպանության համար մեղադրանքներն առաջադրված են: ՊՊԾ գնդի գրավման օրը գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին: Օրերս նրան մեղադրել էին նաեւ Յուրի Տեփանոսյանի մահվան համար: Այս մեղադրանքներով մինչեւ ցմահ ազատազրկում է հասնում: Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում: ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվել է Արմեն Բիլյանը, սակայն նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանն ասել է, որ Բիլյանը գնդի այն տարածքում չի եղել, որտեղից կրակել են ոստիկանի վրա: Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է ինչ-որ վկաների ցուցմունքների հիման վրա, այլ փաստեր չկան: Արմեն Բիլյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Դժբախտ պատահար Երեւանում: Օրբելի փողոցում եռաֆազ էլեկտրական ենթակայանում աշխատակիցը հոսանքահարվել է եւ մահացել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին: Գապոյանը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ էր, մալուխագործ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 17-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից հայաստանցի գործընկերներին տեղեկացրել են. պատճառը ձյան առատ տեղումներն եւ ձնահոսքի վտանգը: Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են, թեեւ հանրապետության մի շարք տարածքներում թույլ ձյուն է տեղում, որոշ հատվածներում խիտ մառախուղ է:

Նոյեմբերի 17-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 7 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 597 դրամ։

Նոյեմբերի 18-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ