Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները բողոքում են դպրոցի նոր տնօրենի դեմ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանի հայ համայնքից,  Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը Վաչիանի գյուղի հանրային դպրոցի տնօրեն է նշանակել Մարինա Չոմարյանին, ով ապրում է Ախալքալաքում: Գյուղացիները պահանջում են, որ դպրոցի տնօրենի ընտրության հարցում հաշվի առնեն գյուղացիների կարծիքը եւ տնօրեն նշանակեն գյուղաբնակ Արեւիկ Գաբրիելյանին:

Նոյեմբերի 22-ին պարզ է դարձել, որ դպրոցը նոր տնօրեն ունի:

«Իբրեւ թե մեր երեխաները քիչ անգրագետ էին, հիմա դպրոց էլ որ չգնան, չգիտեմ ինչ է լինելու»,- ասաց բողոքողներից մեկը, չցանկանալով նշել անուն ազգանունը, սակայն վստահեցրեց. «Եթե Մարինա Չոմարյանին թողնեն որպես տնօրեն, ես իմ երկու երեխաներին դպրոց չեմ ուղարկի»:

60 անց Քրիստ Կարախանյանը եւս քաղաք է եկել իր դժգոհությունը հայտնելու Կրթական ռեսուրս կենտրոնին եւ Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին:

«Ինչո՞ւ դեպուտատի ընտրությունների ժամանակ մեր ձայնը կարեւոր է, իսկ այստեղ՝ ոչ: Մենք ուզում ենք, որ Վաչիան գյուղի տնօրենին մեր ուզածով ընտրենք: Գյուղի թեկնածուին չեն նշանակել, փոխարենը քաղաքից են ուղարկել: Մեր թեկնածուն շատ կարգապահ, խելացի եւ հարգված մարդ է: Աշակերտները նրան սիրում ու հարգում են: Փոխարենը քաղաքից են ուղարկել, ում հետաքրքիր չէ մեր երեխաների ճակատագիրը», -նշեց Քրիստ Կարախանյանը, ում երկու թոռները Վաչիանի հանրային դպրոցում են սովորում:

Վաչիան գյուղի բնակիչների բողոքի պատճառը մեկն է. նրանք այսօր պայքարում են իրենց երեխաների վաղվա օրվա համար:

«Ես ուզում եմ, որ իմ երեխան լավ սովորի: Դասատուն 45 րոպեն անցավ տուն է գնում: Ես ինքս ծույլիկ աշակերտ եմ եղել, նոր եմ խելքի եկել, որ դասատուները օր էին անցկացնում իմ ու իմ նմանների կրթության հաշվին: Այսօր ուսուցիչները չեն բողոքում, որովհետեւ մտածում են իրենց տեղը փուշ չանեն: Դեպուտատը մեզ խոսք է տվել, որ ամեն գործին կնայի, հիմա տեսնենք, եկել էինք իր մոտ, բայց նա տեղում չէ», -ասաց մեկ այլ բողոքարկու Վարդ Անախասյանը: