News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զինուժն այս գիշեր ակտիվ է եղել, հայկական կողմը պատժիչ գործողությունների է դիմել: Գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով: Խախտումներն առավել ակտիվ են եղել Ակնայի եւ Մարտունու պաշտպանական հատվածներում: Արցախի բանակի առաջապահ ստորաբաժանումները պատժիչ գործողությունների են դիմել, հիմնականում՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդին ստիպելով ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ներկայում սահմանագծի ամբողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

Գազի սակագնի իջեցմանը հետեւեց նաեւ էլեկտրաէներգիայինը. 2017-ի փետրվարի 1-ից բնակչության համար հոսանքի սակագինը 46.2 դրամի փոխարեն կկազմի 44.98 դրամ՝ մեկ կՎտ/ժ-ի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկացմամբ՝ սակագնի նվազումը հնարավոր է դարձել ավելի թանկ ջերմային էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի կրճատման շնորհիվ: Ատոմակայանն իր հերթին կնվազեցնի էլեկտրաէներգիայի բացթողնման սակագները՝ 7.702 դրամից հասցնելով 6.776 դրամի:

Ազգային ժողովում այսօր «մտերմիկ» մթնոլորտ էր: Հատուկ քվեարկությունների համար խորհրդարան եկած հանրապետական գործարար պատգամավորներն այնքան են տարվել անձնական զրույցով, որ մտքերի փոխանակման համար հերթագրվել են՝ կարծելով, թե քվեարկություն է սկսվել: Ընդ որում, հերթագրվել են պատգամավորներ, որոնք գրեթե երբեք ելույթ չեն ունենում. օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը: Արդյունքում Ազգային ժողովի փոխխոսնակն արագորեն հորդորել է կրկին հերթագրվել, իսկ դահլիճում ծիծաղ է տարածվել: Երկրորդ անգամ էլ 5 պատգամավոր է հերթագրվել, դահլիճում նորից ծիծաղել են: Գալուստ Սահակյանն էլ ստիպված քվեարկության է դրել հարցը՝ առանց որեւէ մեկին ձայն տալու:

Իսկ Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան էին հրավիրել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն եւ միջազգային համաձայնագրեր ընդունելու համար: Խորհրդարանն այսօր միանգամից 3 վարկային համաձայնագիր է վավերացրել: Դրանցով պետական պարտքը 190 մլն դոլարով ավելացել է. այս անգամ իշխանությունները վարկ են վերցրել բյուջետային ծախսերի համար:

Վարչապետը շարունակում է ակտիվորեն զբաղվել մարզերի զարգացման եւ ներդրումների հարցով: Կառավարությունում այսօր քննարկել են նախարարությունների, գերատեսչությունների եւ մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը: Գնահատման հայտանիշերի թվում Կարեն Կարապետյանը կարեւորել է հատկապես ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Կարեն Կարապետյանը կարեւորում է նաեւ խնդիրների ուղղությամբ համակարգային մոտեցումը: Այնպիսի համակարգ պետք է ձեւավորել, որտեղ ընդհանուր օղակում յուրաքանչյուր խնդիր անմիջապես բացահայտվի: Գործադիրում այսօր կրկին քննարկել են նաեւ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները: Հանդիպման մասնակիցների հետ Կարեն Կարապետյանը մեծ հույսեր է կապում, ուզում է, որ հասարակության լոկոմոտիվը դառնան, ինքն էլ, ինչպես բոլորին, նրանց էլ կօգնի:

«Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդիրների թնջուկ է գոյացել: Կրթության նախարարությունը դրանց լուծման տարբերակներ է մշակել եւ ներկայացրել կառավարություն: Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ խնդիրը կրթահամալիրում ստեղծված տեղեկատվական փակ համակարգն է: Առաջարկում են համագործակցել պաշտպանության նախարարության հետ, ավագ դպրոցի ձեւաչափը միացնել նախարարության իրավասության ներքո գտնվող կառույցներին եւ այլն:

Խնդիրները շատ են նաեւ հանրակրթության համակարգի այլ բնագավառներում. դպրոցական ծանրաբեռնվածություն, ավագ դպրոցների բեռնաթափում, շենքային պայմանների խնդիր, որն ազդում է կրթության որակի վրա: Ամեն ինչ արվելու է՝ հաջորդ տարվա ընթացքում խնդիրներին աստիճանական լուծում գտնելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կրթական հաստատությունների քաղաքականացմանը: Լեւոն Մկրտչյանն ընտրություններին ընդառաջ խնդրելու է՝ դպրոցները հնարավորինս զերծ պահել ընտրական գործընթացներից, բայց մանկավարժներին, ոլորտի աշխատողներին ընդհանրապես ապաքաղաքականացնել, ըստ նրա, հնարավոր չէ:

Ողբերգական դեպք Գեղարքունիքում: Դդմաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերել են տարեց ամուսինների` 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը բազմոցին պառկած է եղել, ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած: Հարեւանները մեր թղթակցին ասել են, որ կինը մեկ շաբաթ է՝ անկողնային հիվանդ է: Ըստ տեղեկությունների՝ նրա մոտ կաթվածի նախանշաններ են հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե որն է ամուսինների մահվան պատճառը: Նրանք չորս զավակ ունեն, բոլորն էլ ամուսնացած են: Տան զննությամբ պարզվել է, որ սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով ինքնաշեն գազի սարքավորում է միացված, վրան՝ սննդի այրված մնացորդներով ալյումինե կաթսա: Չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել:

Ինքնասպան է եղել՝ նախապես խնդրելով ոչ ոքի չմեղադրել: Սիսիանում տներից մեկում hայտնաբերել են տարեց բնակչի դին՝ կախված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: 70-ամյա տղամարդու գրպանից գրություն են գտել, որում նա խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել։

Հալեպը վերջնականապես ազատագրվել է, բոլոր գրոհայինները դուրս են բերվել քաղաքից: Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել է, որ անվտանգությունն ու կայունությունը քաղաքում վերականգնվել է: Այս հայտարարությունից հետո մարդիկ Սիրիայի դրոշներով եւ նախագահ Բաշար Ասադի նկարներով դուրս են եկել Հալեպի փողոցներ՝ տոնելով բանակի հաղթանակը։ Քաղաքի բոլոր մզկիթներում հնչել է ազանը, իսկ եկեղեցիներում զանգեր են ղողանջել: Հալեպի կենտրոնում նաեւ տոնածառ են տեղադրել, իսկ քրիստոնյաները հավաքվել են՝ հետեւելու, թե ինչպես են վառվում դրա լույսերը:

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեւորվել: Դեկտեմբերի 23-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 504, ռուբլունը՝ 7 դրամ 91 լումա, ֆունտինը՝ 591 դրամ:

Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում թույլ ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ ձյան թույլ տեղումներ են սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ