News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում անհեթեթություն եւ անգրագիտություն են անվանում ՀՀ Մշակույթի նախարարության՝ «Արենի 1» քարանձավը մյուս քարանձավների թվում վարձակալության հանձնելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել «Մագելանի քարանձավը», «Թռչնի քարայրը» («Արենի 1»), «Մոզրովի քարանձավը» եւ «Քարե դարպասներ» քարանձավը։

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով գերատեսչության նախաձեռնությունը՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ ի տարբերություն մյուսների՝ «Արենի 1» քարանձավը պատրաստ չէ զբոսաշրջիկների հոսքին եւ նախարարության վերոնշյալ որոշմանը  բացասաբար է վերաբերվում։

«Եթե մյուս քարանձավների դեպքում կարելի է զբոսաշրջիկներին թույլ տալ այցելել, քանի որ այնտեղ պեղումներ չեն տարվել, շերտեր չեն բացվել, ապա «Արենի 1»-ում դա անթույլատրելի է։ Քարանձավում պեղումներ են տեղի ունեցել, այստեղ շերտեր են բացվել, եւ քարանձավը լուրջ գիտական աշխատանքի շարունակության կարիք ունի։ Զբոսաշրջիկներն այստեղ կարող են տեսնել ընդհանուր ծրագրի միայն մի փոքր մասը։ Իսկ նրա ներկայիս տեսքի դեպքում նախարարության նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ ուղղված է դրա ոչնչացմանը», - ընդգծել է Պավել Ավետիսյանը։

«Դա շատ անլուրջ որոշում է։ Այն ընդունած մարդիկ բացառապես չեն հասկանում հարցը եւ հուշարձանի պահպանության վերաբերյալ անտարբեր վերաբերմունք ունեն», - հայտարարել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը։

«Արենի 1»-ը կամ «Թռչնի քարայրը» համաշխարհային հանրաճանաչություն է ձեռք բերել։ Հենց այստեղ է 2008-ին հայտնաբերվել աշխարհի հնագույն կոշիկը, որը 5500 տարեկան է։

Քարանձավը հայտնաբերվել է 2007-ին՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից, ներկայումս Արենիի պեղումների ղեկավար Բորիս Գասպարյանի կողմից։ Այն պահպանվում է պետության կողմից, հնագիտական աշխատանքները շարունակվում են։

Հնագիտական պեղումների ժամանակ քարանձավում հայտնաբերվել են պղնձե-քարե դարի իրեր։ Քարանձավի առաջին սրահում պահպանվել է կավե անոթների համալիրը։ Այստեղ հնում մարդիկ գինի էին ստանում եւ մթերքներ պահում։ Այնտեղ կան մեծ կուժեր, կարասներ, փոքր անոթներ, ավելի փոքր սրվակներ ստանալու համար նախատեսված անոթներ։ Այստեղ հայտնաբերվել է նաեւ խաղողի հնձան, իսկ դրա կողքին՝ խաղողի վազի եւ կորիզների մնացորդներ։ Մետաղե եւ քարե իրերի, գործվածքների պատառների, բույսերի սերմերի ուսումնասիրությունը թույլ է տալիս այն թվագրել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերջ եւ 4-րդ դարի առաջին կեսեր։ Սրահներից մեկում հայտնաբերվել են դեռահաս աղջիկների ծիսական թաղումներ, որոնք, հնարավոր է, արտացոլում են պտղաբերության պաշտամունքի հնամենի պատկերացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ