News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրապետականն ու Դաշնակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել: Արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում: Ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը 105 հոգանոց խորհրդարանում 58 մանդատ է ստացել եւ կարող էր ինքնուրույն կառավարություն ձեւավորել, բայց, փաստորեն, նախընտրեց կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ: Հուշագրում պաշտոնների վերաբերյալ միայն մեկ արձանագրված դրույթ կա. վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին:

Իսկ Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանի արդեն ունեցած նախարարական երեք պորտֆելները: Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաեւ նույն անձինք՝ Արծվիկ Մինասյանը, Լեւոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը: Թեեւ պաշտոնների բաշխման մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել, բայց դաշնակցական նախարարներն արդեն դիմում են ներկայացրել եւ հրաժարվել պատգամավորի մանդատից:

Մեծ աղմուկ է բարձրացրել Նիկոլ Փաշինյանի՝ 15.000 դրամ սոցիալական աջակցության մասին հայտարարությունը: «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով կհրաժարվի ընտրակաշառքով քվեարկելուց, իրենց հաղթանակից հետո 15 հազարական դրամ կստանա:

«Երկիր Ծիրանի»-ից քաղաքապետի թեկնածուն այսօր դատապարտել է մրցակցի հայտարարությունը: Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարել է, որ դրանում քրեական պատասխանատվության տարր կա: Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը բացարձակապես օրինական է համարում, կարծում է, որ այս առաջարկով կարող է արմատախիլ անել ընտրակաշառքի եւ կարուսելի պրակտիկան, իսկ Փոստանջյանին առաջարկում է դիմել իրավապահներին: Փոստանջյանը, կարծես, վիրավորված է իր երբեմնի խորհրդարանական գործընկերոջից. Ազգային ժողովում աշխատելու տարիներին իր ոչ մի ներկայացրած օրինագծի կողմ չի քվեարկել: Ինչ վերաբերում է Փոստանջյանի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն օրինականացրել է ապրիլի 2-ի, իր բնորոշմամբ՝ խայտառակ ընտրությունները, քաղաքապետի թեկնածուն նշել է, որ դրանք ավելի խայտառակ չէին, քան նախորդ ընտրությունները, որոնց արդյունքում Փոստանջյանն ինքը տարիներ շարունակ Ազգային ժողովում է եղել: 

Արցախում շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով օպերատոր Դավիթ Աթոյանը վիրավորվել է: Նրան Ստեփանակերտ են տեղափոխել: Հեռուստաընկերությունից հայտնում են, որ Դավիթ Աթոյանը լուրջ վիրավորում է ստացել: Նրան, հավանաբար, Երեւան կտեղափոխեն:

Իսկ ադրբեջանական զինուժը գիշերը, ավանդույթի համաձայն, խախտել է հրադադարի ռեժիմը. հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 1700 կրակոց է արձակվել: Հակառակորդը նաեւ Թալիշի ուղղությամբ զրահատեխնիկայի տեղաշարժ է կատարել՝ շուրջ 10 տանկ: Կեսօրից հետո դրանք վերադարձել են իրենց ելման շրջաններ: Օպերատիվ իրավիճակն առաջնագծում արդեն հանգիստ է:

Երեք օր անց հայտնաբերել են Արցախի զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին: Նա Արմավիրի մարզի Գայ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին. իրենից փոքր եղբայր ունի: Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել պաշտպանության բանակի զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ Ռուբեն Մնացականյանը: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Իսկ Հայաստանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Գագիկ Մեսրոպյանը Տավուշի մարզի Տեղ գյուղից էր: Նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

Կրտսեր սերժանտին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գագիկ Մեսրոպյանը սպանության զոհ է դարձելԱրմանի եղբայրը՝ Ալիկը, սակայն, պնդում է, որ եղբայրը չէր կարող սպանել Գագիկին, նրանք մտերիմ ընկերներ էին: Ալիկ Հակոբյանը պատմել է, որ տղաները դիրքերում են եղել, Գագիկը կատակել է, քար նետել եղբոր վրա: Մութ է եղել եւ Արմանը մտածել է, թե հակառակորդն է ու կրակել է: Ալիկ Հակոբյանը պնդում է, որ դիտավորություն չի եղել:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարականները հիմնականում վերաբերում էին կրթության ոլորտին: Կարեն Կարապետյանն առաջարկում է օպտիմալացնել դպրոցները, բայց դա չպետք է արվի ուսուցիչների ծանրաբեռնվածության ավելացման կամ երկրորդ հերթափոխ ավելացնելու հաշվին: Կրթության նախարարը 15 օր ժամանակ ունի՝ առաջարկներ ներկայացնելու համար: Նախարարությանը նաեւ երկու ամիս ժամանակ տրվեց՝ «Բարձրագույն կրթության մասին» լրամշակված օրինագիծ ներկայացնելու, եւ չորս ամիս՝ ուսանողների աջակցության եւ թոշակների բաշխման նոր մեխանիզմներ մշակելու համար:

Վարչապետը դժգոհեց կառավարության եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեությունից. տրված հանձնարարականները պատշաճ եւ սահմանված ժամկետներում չեն կատարվում: Դավիթ Հարությունյանին հանձնարարեց խստորեն հետեւել հանձնարարականների կատարմանը: 

Փոխարենը վարչապետը գոհ էր Դավիթ Տոնոյանի ներկայացրած ծրագրից: Նոր՝ հրթիռային եղանակով հակակարկտային պաշտպանության պիլոտային ծրագիր է իրականացվելու: Այդ նպատակով 17 մլն դրամ կհատկացվի: Ծրագրի հետ վարչապետը մեծ հույսեր է կապում:

Չինաստանը Հայաստանին 200 նոր շտապօգնության մեքենա կնվիրի: Վարչապետը հետաքրքրվեց մեքենաների տեղափոխման ժամկետներով: Մարտունիում էլ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին հողատարածք կտրամադրվի՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ նոր լաբորատորիա կառուցելու համար: Լաբորատորիայի հին շենքն էլ կնվիրեն այժմ այնտեղ բնակվող ընտանիքներին:

Իսկ կառավարության այսօրվա նիստը վերջինն էր արդարադատության նախարարի համար: Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ընտրացուցակով առաջադրված Արփինե Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ է ստացել: Կարապետյանը շնորհավորեց Հովհաննիսյանին:

Արդեն միջանցքում լրագրողները հարցեր ունեին Սուրեն Կարայանին: Հետաքրքրվեցին հայտարարած ներդրումների եւ ակնկալվող նոր աշխատատեղերի մասին: Ներկայացված թվերը խոսուն են:

Տրանսպորտի նախարարից էլ հարցրեցին ճանապարհների վիճակից: Տավուշցիները դժգոհ են, Իջեւանում նույնիսկ միջպետական ավտոմայրուղին են փակել: Վահան Մարտիրոսյանը հավաստեց, որ 15-20 օրվա ընթացքում փոսալցման եւ ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն: Նախարարը նաեւ հորդորեց լավն էլ տեսնել: Իսկ հնարավոր չէ՞ միանգամից կապիտալ շինարարություն կատարել եւ ամեն տարի նույն խնդրի առջեւ չկանգնել: Հարցին նախարարը պատասխանեց. հսկայական միջոցներ են անհրաժեշտ, որոնք չունենք:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. բնակարանում կախված վիճակում երկու տղամարդու դի են հայտնաբերել: 29-ամյա Սեւակ եւ 63-ամյա Հարություն Հակոբյաններին հայտնաբերել է ընտանիքի մյուս որդին: Պարզվել է, որ հայրը որդուն պատշգամբում կախված է գտել, ինչից հետո ինքն էլ ինքնասպան է եղել: Բնակարանում միայն տղամարդիկ էին՝ հայրն ու երկու որդիները: Մահացածն ընտանիքի ավագ որդին էր, իսկ փոքրը մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Հարեւանի խոսքով՝ Հակոբյանները ոչ ոքի հետ չէին շփվում, տանից գրեթե դուրս չէին գալիս, սոցիալական ծանր պայմաններում էին ապրում:

Ո՞վ կդառնա ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավարը: Ջեյմս Կոմիի պաշտոնանկությունից հետո այսօր արդեն ամերիկյան լրատվամիջոցներում նրան փոխարինողի անուններ են շրջանառվում, որոնց թվում նաեւ կոնգրեսականի եւ նահանգապետի անուններ կան:

Իսկ ընդդիմադիրները դժգոհություն են հայտնել Կոմիի պաշտոնանկության կապակցությամբ: Նշենք, որ Ջեյմս Կոմին հետաքննում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակիցներին՝ «Ռուսաստանի հետ կապերի» գործով, ինչը հերքում էին ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կրեմլում: Նախագահ Թրամփը, սակայն, վստահեցնում է, որ Կոմիին աշխատանքից ազատել է ոչ թե հետաքննության, այլ վատ աշխատանքի պատճառով: Նշելով, որ Վաշինգտոնում բոլորը դժգոհ էին Կոմիի աշխատանքից, Թրամփը վստահություն է հայտնել, որ երբ կրքերը հանդարտվեն, իրեն դեռ շնորհակալություն կասեն որոշման համար:

Մայիսի 11-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 526, ռուբլունը՝ 8 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:

Մայիսի 12-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ անձրեւ եւ ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, քամու ուժգնացում է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ