News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մելնիա Թրամփին հեշտ չէ առաջին լեդիի կարգավիճակում; Նա առայսօր չի տեղափոխվել Սպիտակ տուն ու նրան հազվադեպ կարելի է տեսնել ամուսնու կողքին։ Ընդ որում, ենթադրում է Die Zeit-ի հեղինակ Ռիկե Հավերթցը, նա կարող էր լուրջ դեր կատարել պետությունում։

«Սաուդյան Արաբիա այցն ավարտելիս, Դոնալդ Թրամփը որոշ ժամանակով վերածվեց ջենթլմենի։ Մոտենալով իր օդանավին, նա մի քայլ հետ էր մնացել կնոջից, ասես նրան առաջ թողնելով։ Բայց հետո չկարողացավ զսպել իրեն ու այնուամենայնիվ առաջ անցավ նրանից»։  

«Էր Ռիադ կատարած այցի ժամանակ Մելանիա Թրամփը չէր հագել գլխաշոր։ Միշել Օբաման էլ 2015-ին Սաուդյան Արաբիայում գլխաշոր չուներ։ Իսկ ո՞վ էր այդ ժամանակ վրդովվել։ Ճի՛շտ է։ Դոնալդ Թրամփը։ «Շատերը ողջունում են, որ տիկին Օբաման գլխաշոր չի կրել Սաուդյան Արաբիայում, բայց այնտեղ դրանից վիրավորվում են։ Իսկ մենք առանց այդ էլ շատ թշնամիներ ունենք»,- գրել էր այն ժամանակ Թրամփը թվիթերում։ Բայց կարծես այս ուղեւորության ժամանակ Թրամփին առանձնապես չէր հուզում կնոջ գլխին գլխաշորի բացակայությունը»։  

«Մելանիայի դրությունը նախանձելի չէ, չէ որ նրա ամուսինը խիստ հակասական արձագանք է առաջացնում»,- համարում է ամերիկացի լրագրող Քեյթ Անդերսեն Բրաուերը, Ամերիկայի առաջին տիկնանց դերակատարման մասին գրքի հեղինակը։  

«Մելանիան դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահի կինը, որը ամուսնու երդմնակալությունից անմիջապես հետո չի տեղափոխվել Սպիտակ տուն»։ Մելանիան նաեւ չունի պաշտոնական հանդիպումների ու միջոցառումների մշակված ծրագիր, մինչդեռ նրա նախորդը՝ Միշել Օբաման պատրաստի ծրագրով էր Սպիտակ տուն տեղափոխվել։ «Դեռ երբեք առաջին տիկին հասկացության էությունն այդքան անորոշ չի եղել, որքան նախագահ Թրամփի օրոք, որը հաճախ է վիրավորում կանանց, նվաստացնում նրանց նշանակությունը։ Սպիտակ տանը նրա մտերիմ համախոհը դուստր Իվանկան է, իսկ կնոջ մասին այնտեղ հավանաբար չեն էլ հիշում»,- գրում է Հավերթսը։

Ընդ որում առաջին տիկնոջ դերը հսկայական հնարավորություններ է բացում։ «Այդ կանայք անհավանական ազդեցիկ են։ Եվ դա իրական, հասարակության կողմից ընդունվող իշխանություն է»,- ասում է Բրաուերը։ 

Ամերիկացիների ամենասիրելի առաջին տիկինը՝ Էլեոնոր Ռուզվելտը, մամուլի ասուլիսներ էր տալիս բացառապես կին լրագրողների համար, իսկ 1939-ին կազմակերպել էր համերգ սեւամորթ օպերային երգչուհու համար, որին արգելում էին ելույթ ունենալ մյուս համերգասրահներում, ասվում է հոդվածում։ Բարբարա Բուշին կհիշեն 80-ականներին ՁԻԱՀ-ով հիվանդ երեխային գրկելով ու համբուրելով,ինչը շրջադարձային օրինակ ծառայեց այդ թեմայի շուրջ նախապաշարմունքներով ու վախերով սնվող հասարակության համար։ Հիլարի Քլինթոնը իր սեփական բյուրոն ուներ Սպիտակ տանը, որտեղ առողջապահության բարեփոխման մշակումով էր զբաղվում, չնայած այն ի վերջո տապալվեց, հավելում է հոդվածագիրը ։  

Իսկ Միշել Օբաման ժամանակակից շունչ էր հաղորդել Սպիտակ տանը, իր ծրագրերով, հեղինակավոր շոուներին իր ակտիվ մասնակցություններով ու քաղաքական ելույթներով։

Ամերիկացիների մեծ մասը սկզբում չէին հասկանում՝ ինչպես վերաբերվել Մելանիային առաջին տիկնոջ կարգավիճակում։ Սակայն այսօր CNN-ի հարցումները վկայում են այն մասին, որ 52%-ը նրան դրական է վերաբերվում։ Թե ինչով է պայմանավորված այդ վերաբերմունքը, հարցումները չեն պարզաբանում, նշում է հեղինակը։

«Բայց որքանով համոզիչ կարող է առաջին տիկնոջ դերում լինել այն մարդու կինը, ով ակնհայտորեն չի հաղթահարում նախագահական պարտականությունները, փոխում է իր դիրքորոշումները ըստ իր հայեցողության ու անընդհատ ինչ-որ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվում»,- գրում է հեղինակը։ 

Եթե Մելանիան ցանկանում է ամրապնդել իր դիրքերը առաջին լեդիի կարգավիճակում, ուրեմն նա պետք է ինքնուրույն ընտրի իր ծրագրերն ու թեմաները։  «Մենք պետք է ձգտենք, որ աշխարհում աճի հարգանքը մարդկանց նկատմամբ, անկախ նրանց սեռական պատկանելիությունից, եկամուտներից ու ազգությունից։ Մենք պետք է հիշենք, որ առաջին հերթին մեկ էթնոսի ներկայացուցիչներ ենք ՝ մենք մարդիկ ենք»,- հայտնել է նա ԱՄՆ Պետդեպարտամենտի International Women of Courage Award մրցանակաբաշխության ժամանակ։ Նա պետք է այդ մասին իր ամուսնուն հիշեցնի, եթե նա իրոք լուրջ էր վերաբերվում իր ասածներին, այլ ոչ թե ընդամենը տեքստ էր կարդում։ «Հակառակ դեպքում առաջիկա տարիներին նա պետք է պարզապես ճենապակի ընտրի ու սիրալիր ժպտա պաշտոնական ֆոտոշարքերի ժամանակ», ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ