News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Կատարյալ ապօրինություն, հետապնդման հերթական դրսեւորում եւ խայտառակություն»,- այսպես է գնահատում Փաստաբանների պալատի խորհրդի հերթական որոշումը փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Մայիսի 25-ին Փաստաբանների պալատի խորհուրդը՝ փաստաբան Կարեն Սարդարյանի նախագահությամբ, նիստ է արել, քննել Վանաձորի 78-ամյա բնակիչ Նորիկ Մելիքյանի դիմումն ու որոշել տուգանել փաստաբան Տիգրան Աթանեսյանին։  

Ըստ այդմ, Աթանեսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել, նա պետք է 150 հազար դրամ վճարի եւ 8 ժամ վերապատրաստման դասընթացներ անցնի։ Ինքը՝ Աթանեսյանը, որը շաբաթներ առաջ հարձակման եւ ծեծի էր ենթարկվել նույն այդ փաստաբանների պալատի ղեկավար կազմից մի քանիսի կողմից, նիստին չի մասնակցել։

«Այդ անձի որդին իմ պաշտպանյալն էր, նրա գործով արել եմ հնարավորն ու անգամ անհնարինը։ Երեք տարվա դատաքննությունը ձախողեց, հրաժարվեց իմ պաշտպանությունից, թեեւ մեկ անգամ էլ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր վճիռը։ Որդին դատապարտվել էր, իսկ հայրը որոշում է, որ փողը պիտի ետ ստանա բոլոր մեթոդներով։ Բողոքում է իբր նիստերին չեմ գնացել, ինչը ծիծաղելի է։ Չկա նման բան։ Պալատն էլ ոգեւորվել եւ վարույթ է հարուցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանների պալատի խորհրդի կայացրած որոշումը Աթանեսյանը կատարյալ ապօրինություն, հետապնդման հերթական դրսեւորում եւ խայտառակություն է որակում։ «Ընդամենը հետապնդում է, ոչ մի կապ չունի ոչ օրենքի, ոչ իրականության հետ»,- արձանագրեց նա՝ հավելելով, որ անպայման բողոքարկելու է ՓՊ խորհրդի որոշումը։

Փաստաբանների պալատում ստեղծված մթնոլորտին, անկախ փաստաբաններին հետապնդելու մեթոդներին մենք բազմիցս ենք անդրադարձել։ Շաբաթներ առաջ էլ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

Տպել
Ամենաշատ