News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Սեւանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ:

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2017թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» պաշտոնական փաստաթղթի համաձայն սույն թվականի ապրիլին կանխատեսվում էր, որ Սեւանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչեւ 1901մ նիշը:

«Հիմք ընդունելով եղանակի եւ Սեւանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սեւան 8 ջրատարով Սեւանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը՝ 130մլն.խոր.մ եւ ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170մլն.խոր.մ, 2017թ. հուլիսի 1- ին 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ կանխատեսվում է Սեւանա լճի մակարդակի բարձրացում 42-47սմ-ով (1900.95-1901. 00մ սահմաններում), իսկ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ

լճի մակարդակը կանխատեսվում է 1900.71-1900.76 մ սահմաններում, որը 2017թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի +25....+30 սմ-ով»,- նշված էր փաստաթղթում:

Իրականում Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ Սեւանից ջրառը 2017թ-ին 170 միլիոն խմ-ի փոխարեն կազմելու է 270 միլիոն խմ: Թե քանի սանտիմետրով Սեւանը կբարձրանա 2017թ-ին, սա հարց է, որի պատասխանը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հուլիսի 24-ի դրությամբ Սեւանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 7 սմ-ով,2016թ-ի հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.74մ:

Նշենք, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:

Տպել
Ամենաշատ