News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով զինվորական ծառայությունից խուսափելու սողանցքներ են թողնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունների նախագծով ի թիվս այլ փոփոխությունների՝ նախատեսվում է վերացնել ուսման տարկետումը, որը դարձել է ուսման պատրվակով ծառայությունից խուսափելու միջոց։ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ այս օրենսդրական փոփոխությունը աղերս չունի պաշտպանության նախարարոի՝ սոցիալական արդարություն հաստատելու պնդումների հետ։

«Կրթության ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելը կանխելու նպատակով փորձ են անում մտցնել այնպիսի մի ինստիտուտ, որ կրթության տարկետումը հանվի։ Եթե ուզում ես կրթություն ստանաս, պետք է պայմանագիր կնքես պաշտպանության նախարարության հետ, որ ավարտելուց հետո ծառայես։ Այնուամենայնիվ, սողանցքներ թողնում են՝ հանձինս կառավարության հատուկ հանձնաժողովի, որը որոշում կկայացնի, որ դեպքում բացառություններ անի, իսկ դա չի վերաբերում առողջության, ուսման ու ընտանեկան հիմքերին։ Թե ինչ հիմք է, դեռեւս իրավական կարգավորում չի առաջարկվում։ Այս բացառությունն արդեն իսկ սողանցքներ է թողնում։ Եթե խնդիր է դրված, որ սոցիալական արդարության սկզբունքը իրականացվի, ուրեմն դա պետք է տարածվի բոլորի վրա։ Եթե հռչակված սկզբունքը չի ապահովում իրականում եւ բացառություն է թողնում, ուրեմն արդեն իսկ հակասում է իր հռչակած սկզբունքին»,–ասաց Արթուր Սաքունցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հստակ ձեւակերպված չեն զինծառայողներին բնակարաններով ապահովելու, ինչպես նաեւ բժշկական ծառայության չափանիշները։

«Այս դեպքում էլ չափն ու կարգը կարող է սահմանել կառավարությունը, իսկ կառավարության կողմից չափը կարող է սահմանվել ելնելով եղած ռեուրսներից։ Իսկ մենք գիտենք, որ ռեսուրսները սահմանափակ են։ Ստացվում է՝ օրենքով շատ ավելի հստակ դրված են կրթություն ստանալու արգելքները։ Տարկետման վերացման հետ կապված օրենսդրական կարգավորումը չի լուծում մտահոգությունները, որոնք հիմնված են զորակոչի եւ զինվորական ծառայության վերաբերյալ երկարամյա դիտարկումների արդյունքում։ Սոցիալական արդարության սկզբունքը չի ապահովում խնդիրը։

Կրթության անընդհատության խնդիրը չի լուծվում, եւ առաջնային կետում դրվում է ՀՀ քաղաքացու՝ միայն զինվորի անընդհատության հարցը։ Բայց կներեք ՀՀ քաղաքացին նաեւ բժիշկ է, դասախոս է, ուսուցիչ է, ինժեներ է»։

Այս օրենսդրական նախաձեռնությանվերաբերյալ նախօրեին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ Արթուր Սաքունցը մասնավորապես տարկետման դրույթի մասով եկել է այն եզրահանգման, որ պարզապես նեղացվում է ծառայությունից խուսափողների շրջանակը, բայց խնդիրը չի կարգավորվում։

«Եթե նախկինում , օրինակ կարող էին 10 հազար դոլարով ազատվել, հիմա կծախսեն 100 հազար դոլար, Քեմբրիջում թինկը կտան , օրինակ։ Այս սահմանափակումները կազդեն միջին ու սոցիալապես անապահով խավի վրա, բայց բարձրաստիճանները օրենքով սահմանված կարգով, կառավարության հատուկ որոշումներից օգտվելով կազատվեն ծառայությունից»։

Սաքունցի խոսքով՝ Ազգային ժողովում լսումները չընթացան սուր հարցադրումներով, այլ քծնանքի մթնոլորտում։

«Իմ վրա տխուր տպավորություն թողեց այն ընդհանուր մթնոլորտը, որում տեղի ունեցավ այդ քննարկումը, ես ուղղակի չէի սպասում որ նախարարի նկատմամբ ընդհուպ քծնանքի հասնող վերաբերմունք կտեսնեմ ԱԺ պատգամավորների կողմից։ Լուրջ ընդդիմադիր կարծիք չլսեցի այն մատահոգությունների հետ կապված, որ ներկայացրեցի։ Ես ակնկալում էի, որ սուր հարցադրումներ կլինեին, բայց բոլորի ելույթները ուղղված էր նախարարի նախաձեռնությունը գովաբանելուն։ Ինձ համար արտառոց էր, որ նախարարը Ազգային ժողովում հրապարակավ հայտարարում է, որ ելնելով իր կրոնական համոզմունքներից եւ հանդես գալով քաղաքական կայուն մեծամասնության ներկայացուցիչ՝ ամեն գնով պետք է նպաստի, որ մեր եկեղեցին ազատ գործունեություն իրականացնի զինված ուժերում։ Դա սահմանադրական սկզբունքների անտեսում է»,- ասել է իրավապաշտպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ