Ալավերդի - Ախթալա ավտոճանապարհին այս տարվա հունվարին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ Հայկ Ղազումյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Ղազումյանը, նախապես հաշվի չառնելով առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, ինչի հետեւանքով մեքենան դարձել է անկառավարելի եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից՝ ընկել Դեբեդ գետը: Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր Տիգրան Դավթյանը տեղում մահացել է, իսկ Ղազումյանը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նշենք, որ դեռեւս վթարից հետո տեղեկություններ կային, որ մեքենայի անվադողերը մաշված են եղել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Հայկ Ղազումյանը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատարանը վճռեց Ղազումյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:




























